
90-ականներից սկսած մինչև հետհեղափոխական Հայաստան մեր երկրում տեղի են ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների մահվան դեպքեր, որոնք չեն բացահայտվել, իսկ բացահայտվելու դեպքում էլ պաշտոնական վարկածները վստահություն չեն ներշնչել: 1992 թ. Արթուր Մկրտչյանն ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ, և ընդամենը 97 օր նախագահելուց հետո քունքին արձակված կրակոցը վերջ դրեց կյանքին: Պաշտոնական վարկածով կատարվածը որակվել է ինքնասպանություն, բայց Արթուր Մկրտչյանի հարազատները պնդել են, որ տեղի ունեցածը սպանություն է: 1993 թվականի մայիսի 3-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցավ սպանություն: Սպանության զոհ դարձավ Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ Օրինական ուժի մեջ մտած դատավճռի համաձայն՝ ՀՀ երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի սպանությունն իրականացվել է Արմեն Տեր-Սահակյանի բանդայի անդամների կողմից, որի հանձնարարությունն ստացել էին իշխող քաղաքական ուժի՝ ՀՀՇ-ի գրասենյակում 1993թ. մարտի սկզբներին Վանո Սիրադեղյանի կողմից։ 1993 թ. հունիսի 22-ին գնդակահարվեց Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մարիուս Յուզբաշյանը: Այս ապանությունը մինչ օրս դարձյալ համարվում է չբացահայտված: 1994թ. դեկտեմբերի 18-ին իր բնակարանի շքամուտքի մոտ սպանվեց Երևանի առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանը: Սպանությունը բացահայտված չէ: 1998-ի օգոստոսի 6-ին իր աշխատասենյակում սպանվեց Հայաստանի գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը։ Պաշտոնական վարկածն այն էր, որ նրան սպանել է դատախազ Արամ Կարապետյանը, ապա ինքնասպան եղել։ 1998թ. դեկտեմբերի 10-ին իր բնակարանի շքամուտքում սպանվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վահրամ Խորխոռունին: Սպանությունը բացահայտված չէ: 1999-ի փետրվարի 9-ին Սևանի մայրուղու Նոր Հաճնի հատվածում հայտնաբերվում է ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի դիակը հրազենային կրակոցների հետքերով: Անցյալ տարվա հունվարի 21-ին նույնպես կրակոցներ էին կատարվել Արծրուն Մարգարյանի վրա: Այս գործով նույն օրը ձերբակալվում են Մարգարյանի երկու թիկնապահները: Սպանվածի մարմնում հայտնաբերվում է երեք գնդակ: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ահաբեկչական խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Ազգային ժողով, որտեղ ընթանում էր հարցուպատասխան կառավարության անդամների հետ, և կրակ բացեց։ Սպանվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանը և հինգ պետական գործիչներ: 2001թ. սեպտեմբերի 11-ին սպանվեց պետեկամուտների նախկին նախարար, Սերժ Սարգսյանի խորհրդական Գագիկ Պողոսյանը՝ բնակարանի դռանը հարմարեցված նռնակի պայթյունի արդյունքում: Սպանությունը բացահայտված չէ: 2007թ. օգոստոսի 25-ին աշխատանքից տուն վերադառնալիս իր տան մոտակայքում անհայտ անձի կողմից սպանվեց Լոռու մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ալբերտ Ղազարյանը: Սպանությունը մնում է չբացահայտված: 2009թ. փետրվարի 3-ին Երևանի Բարբյուսի փողոցի 65 շենքի 7-րդ հարկի միջանցքում վերելակից դուրս գալիս հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանը: Մարդասպանը 8 կրակոց էր արձակել նրա ուղղությամբ, որոնցից 5-ը դիպել էին նրա գլխին, կրծքավանդակին: Հետհեղափոխական Հայաստանում ևս անհայտ հանգամանքներում բարձրաստիճան պաշտոնյաներ են մահացել: Մեկ տարվա ընթացքում 3 բարձրաստիճան պաշտոնյա է մահացել: 2019թ. սեպտեմբերի 23-ին Բջնիում իր առանձնատանը հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Մոտ 2 ամիս անց՝ նոյեմբերի 28-ին, Պյատիգորսկում մասնավոր գարեջրի գործարանում գազի պայթյունի և փլուզման հետևանքով մահացել էր մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը: 2020թ. հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Հավելենք նաև, որ Հայկ Հարությունյանը և Աշոտ Կարապետյանը «Մարտի 1-ի գործով» ունեին վկայի կարգավիճակ: