Կոմկուսը կոչ է անում քվեարկել անցողիկ շեմը հաղթահարող ընդդիմադիր ուժերի օգտին
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիներին հունիսի 7–ին իրենց քվեն տալ անցողիկ շեմը հաղթահարող իրական ընդդիմադիր ուժերին։
Կոմկուսի հայտարարության մեջ ասվում է. «Հունիսի 7–ին տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունները։ Այս ընտրությունները տեղի են ունենում Հայաստանի համար վճռորոշ ժամանակահատվածում, երբ դրված է պետության ու պետականության լինելիության հարցը։ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, ունենալով պետականակերտման ու պետական կառավարման բազմամյա փորձ, որոշեց չմասնակցել այս ընտրություններին՝ գաղափարական պայքարի բացակայության, ընտրությունների անձնավորման եւ քաղաքական հակառակորդների ձերբակալությունների պատճառով։
Մենք կոչ ենք անում մեր համակիրներին ու ազգաբնակչությանը ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն եւ հունիսի 7–ին անպայման մասնակցել Հայաստանի Հանրապետության Ազգայի Ժողովի ընտրություններին եւ իրենց ձայնը տալ անցողիկ շեմը հաղթահարող իրական ընդդիմադիր ուժերին, որոնք կողմ են Հայաստանի պետականության պահպանմանը, սոցիալական արդարությանը, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանը եւ հզոր ու անկախ Հայաստանի տեսլականին։ Ձեր յուրաքանչյուրի քվեից է կախված Հայաստանի Հանրապետության եւ մեր բոլորի ապագան։
