Երևանի սրտում մարդիկ փողոցում են քնում

Այս լուսանկարը պարզապես փողոցում քնած մարդկանց պատկեր չէ։ Սա մեր հասարակության, մեր պետության և առաջին հերթին՝ պատասխանատու պաշտոնյաների ամոթի պատկերն է։

 

ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԸ՝ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԵՍՎԱԾ ԽՂՃԻ ՊԱՏԿԵՐԸ

 

Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, մարդիկ գիշերում են փողոցում՝ ցրտի, անտարբերության և անապահովության պայմաններում։ Մի քանի վերմակ, մի փոքրիկ տեղ նստարանին և գլխավերևում՝ բաց երկինք։ Սա՞ է այն քաղաքը, որի մասին այդքան սիրում են խոսել մեր իշխանությունները։

 

Ամեն օր միլիոնավոր դրամներ են ծախսվում գեղեցիկ խոսքերի, ինքնագովազդի, միջոցառումների և ցուցադրական ծրագրերի վրա։ Իսկ քաղաքի կենտրոնում մարդիկ չունեն անգամ մի տանիք, որտեղ կարող են գիշերել։

 

Որտե՞ղ են Երևանի քաղաքապետարանի սոցիալական ծառայությունները։ Որտե՞ղ է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Որտե՞ղ են այն պետական և համայնքային կառույցները, որոնց անմիջական պարտականությունն է հայտնաբերել նման իրավիճակում հայտնված մարդկանց, գնահատել նրանց կարիքները և ապահովել անհրաժեշտ օգնությունը։

 

Պաշտոնյաների աշխատանքը միայն պաշտոններ զբաղեցնելը, հաշվետվություններ ներկայացնելը և գեղեցիկ ելույթներ ունենալը չէ։ Պետության գոյության իմաստներից մեկն էլ հենց այն է, որ ամենախոցելի վիճակում հայտնված քաղաքացին մենակ չմնա։

 

Ոչ ոք ապահովագրված չէ կյանքի դժվարություններից։ Այսօր այս մարդիկ են հայտնվել փողոցում, վաղը նման իրավիճակում կարող է հայտնվել մեկ ուրիշը։ Եվ այդ ժամանակ հարց է առաջանալու՝ ի՞նչ պետություն ենք կառուցել, եթե նրա մայրաքաղաքի կենտրոնում մարդիկ ստիպված են փողոցում գիշերել։

 

Սոցիալական պետությունը չափվում է ոչ թե պաշտոնական ելույթներով, այլ նրանով, թե ինչպես է վերաբերվում իր ամենաանպաշտպան քաղաքացիներին։

 

Պահանջում եմ պատասխանատու մարմիններից ոչ թե հերթական բացատրություններն ու արդարացումները, այլ կոնկրետ գործողություններ։ Այս մարդկանց անհրաժեշտ է անհապաղ ապահովել ժամանակավոր կացարանով, տաք սննդով, բժշկական և սոցիալական աջակցությամբ, իսկ հետագայում՝ նրանց վիճակից դուրս գալու իրական հնարավորությամբ։

 

Մարդկային արժանապատվությունը չպետք է կախված լինի նրանից, թե մարդը որքան փող ունի կամ ինչ սոցիալական դիրք է զբաղեցնում։ Պետության իրական դեմքը երևում է ոչ թե նրա շքեղ շենքերից, այլ այն բանից, թե ինչպես է նա հոգ տանում փողոցում անօթևան մնացած մարդու մասին։

 

Միացեք պահանջիս, կիսվեք այս գրառմանբ, որ տեղ հասնի համապատասխան մարդկանց:

Share This