Մեծ սթրեսի օրեր. Նոր տարվա իշխանափոխությունն էլ չի ստացվում. Աննա Հակոբյան
Ընդունված է համարել, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, ծարավ է փոփոխությունների, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ փոփոխությունները տեղի չեն ունենում: «Հայկական Ժամանակ» օրաթերթում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Գերիշխող կարծիքն այն է, որ երկրում ոչինչ չի փոխվում ժողովրդից անկախ պատճառներով`վատ իշխանություն, կեղծված ընտրություններ, ծախված ընդդիմություն և այլն: Արդեն տասնամյակներ է՝ բաղձալի փոփոխությունները տեղի չեն ունենում, և բոլորը շարունակում են դրա համար մեղավորներ փնտրել, դժգոհել, իրենց սև օրն անիծել, ի վերջո հեռանալ երկրից:
Մի քանի օրից Նոր տարի է: Հայաստանում ծնված- մեծացած յուրաքանչյուր ոք գիտի, թե ինչ հսկայական ծանրություն է թաքնված այս պարզ նախադասության տակ: Ով էլ որ չգիտի, ընդամենը պետք է կարճատև այց կատարի «Երևան Սիթի» սուպերմարկետ և առաջին հինգ գերծանրաբեռնված զամբյուղները տեսնելով՝ ամեն ինչ կհասկանա:
Եթե մի քանի օրից Նոր տարի է, նշանակում է Հայաստանում բոլորը սնունդ են գնում. աննկարագրելի քանակությամբ սնունդ: Դա անում են նրանք, ովքեր փող ունեն, նրանք, ովքեր փող չունեն, բոլորը առանց բացառության: Եվ բոլորը առանց բացառության դժգոհում են այդ իրավիճակից: Ավելորդ է նույնիսկ ձևակերպել, թե ամանորյա եռուզեռի վերաբերյալ ինչ կարծիք ունեն մարդիկ: Դրանք մեծ սթրեսի օրեր են. ֆիզիկական և հոգևոր սթրեսի: Բոլորն իրենց պարտավորված են զգում սեղանին ունենալ միանգամից ամեն ինչ`4-5 տեսակի աղցան, 4-5 տեսակի տաք ուտեստ, դեսերտ, կաթնամթերք, ձկնեղեն, քաղցրեղեն, չարազեղեն, չրեղեն, կանաչեղեն, բանջարեղեն: Ցանկը կարելի է անվերջ շարունակել: Բոլորն իրենց պարտավորված են համարում այցելել ինչ-որ մարդկանց, ընդունել ինչ-որ մարդկանց: Յուրաքանչյուր եկած հյուրի հետ մի պատառ ուտել, մի բաժակ խմել, յուրաքանչյուր գնացած տանը մի պատառ ուտել, մի բաժակ խմել:
Որևէ բանական էակ չի կարող չընդվզել այդ իրավիճակի դեմ, որովհետև մարդկությունը անհիշելի ժամանակներից գտել է սնվելու բանաձևը: Դա բոլոր ժողովուրդների համար մեկն է` նախաճաշ, ճաշ, ընթրիք: Ընդ որում, մեր նախնիները մշակել են նաև, թե հատկապես ինչն է լավ նախաճաշի համար, ինչը՝ ճաշի, ինչը՝ ընթրիքի: Կարելի է, իհարկե, մի օր մեծ խնջույքի մասնակցել, այդ երեկո մեծ քանակությամբ ուտել-խմել: Բայց նույնիսկ այդ դեպքում վերոնշյալ ռիթմը չի խաթարվում, որովհետև խնջույքները տեղի են ունենում հիմնականում ընթրիքի ժամին, և մինչ այդ մասնակիցները սովորականի նման նախաճաշած և ճաշած են լինում:
Ամանորին նախորդող շաբաթը, Նոր տարվա առաջին շաբաթը և դրան հաջորդող ևս երկու շաբաթը Հայաստանում իշխում է բոլորովին այլ, մարդկությանն անհայտ սննդակարգ: Մինչեւ դեկտեմբերի 31-ը համարվում է սնվելու հարցում գլխառադ անելու եւ գնումների արդյունքում սառնարանում հայտնված ամեն ինչ պահելու շրջան: Օրգանիզմն արդեն դուրս է գալիս իր բնականոն հունից եւ ընկնում սթրեսի մեջ: Հունվարի 1-ից սկսած այդ բոլոր պահած մթերքները,կապ չունի՝ դեսերտ են, միրգ, ճաշ թե նախաճաշ, միաժամանակ հայտնվում են սեղաններին: Ընդ որում, եթե քո տան սեղանին կա x թվով համեղ ուտելիք, ապա բոլոր այն տներում, որտեղ կլինես, կարող ես հանդիպել այն ամենին, ինչ քո տանը չկա, եւ եթե օրվա մեջ մի քանի տուն այցելես, աչքդ կտեսնի այդ սեզոնին հնարավոր եւ անհնար ամեն ինչ: Աչքը տեսածից մի-մի պատառ համտեսելն էլ արդեն մեծ մարտահրավեր է:
Թե սա ինչ սթրես է օրգանիզմի համար, կարող են մասնագիտորեն բացատրել սննդաբանները: Բայց նախաամանորյա ասուլիսների և հաղորդումների ժամանակ այս խնդիրները չեն էլ բարձրացվում: Փոխարենը բոլորը զգուշացնում են, որ չի կարելի երեք օրվա հնության աղցաններ ուտել և թունավորվել:
Սթրեսը, սակայն, այսքանով չի ավարտվում: Մոտ 10 օր տևած այսպիսի լիությունից և անկանոն ու անսահմանափակ սնվելուց հետո օրգանիզմի համար վրա է հասնում սովի ժամանակաշրջանը: Այն, որ հունվարի վերջին միջին վիճակագրական ընտանիքում նույնիսկ հաց գնելու գումար չի գտնվում, հայտնի ճշմարտություն է: Ահա այսպես ֆիզիկապես և հոգեպես հոգնած, նախ գերծանրաբեռնված, ապա քաղցած ստամոքսով Հայաստանի բնակչությունը հրաժեշտ է տալիս հին տարուն և մտնում Նոր տարի: Եվ չգիտես ինչու տարիները փոխվում են, իսկ Հայաստանի խնդիրները մնում են նույնը, կյանքը այդպես էլ չի լավանում, արդարություն չի հաստատվում, կոռուպցիան չի վերանում, ընտրություններով իշխանություն չի փոխվում:
Իսկ գուցե Հայաստանի բնակչությունը ոչ թե դժգոհ է և ձգտում է փոփոխությունների, այլ ընդամենը խոսում է դրա մասին: Հենց այնպես, հավաքույթների ժամանակ խոսելու նյութ ունենալու համար: Այնպես, ինչպես հենց այնպես դժգոհում է Ամանորը դիմավորելու ծայրահեղ սթրեսային սովորույթից, բայց ոչինչ չի անում դա փոխելու համար:
Նոր տարին թեթև, առանց աշխարհի տակի ուտելիքների, առանց տնետուն գնալու պարտավորությունների, ընդամենը խմիչքով, սառը խորտիկներով, երաժշտությամբ, նվերներով, զվարթ և ուրախ զրույցներով անցկացնելու համար ազատ և թափանցիկ համապետական ընտրություններ պետք չեն: Դա ընտրություն է, որ կամ կայացվում է, կամ ոչ: Առայժմ այդ ընտրությունը չի կայացվում, ինչի համար հնարավոր չէ մեղադրել ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը: Ու թերևս Հայաստանում մեծ փոփոխություններ չլինեն այնքան ժամանակ, քանի դեռ ամանորյա արձակուրդներն անցկացնելու ոճն ու իմաստը չփոխվի, իսկ Նոր տարին չսկսվի առողջ մարմնում առողջ հոգով: