Նարե Սիմոնյան․ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է հացադուլի մեջ է, պահանջում եմ ազատ արձակել նրան
Արցախցի հասարակական գործիչ, իրավապաշտպան Նարե Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արդեն 13 օր է՝ քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը կալանավայրում հացադուլ է հայտարարել։
Արթուր Օսիպյանը կալանավորվել է ՔՊ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական բանավեճի հետևանքով և կալանավորվել է այդ բանավեճից անմիջապես հետո։
Այո՛, բնական է, որ կալանավորումից հետո պետք էր «հարստացնել» մեղադրանքը և երկնել այլ «հանցանքներ»՝ փորփրելով նրա ֆեյսբուքյան էջը։
Արդյունքում ստացան բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ «մեղադրանք»։
Արթուր Օսիպյանի քաղաքական բանավեճի հարցադրումներին այդ երկրի առաջին դեմքն էր, որ պատասխանում էր «խուլիգանավայել»՝ «փախած», «փախածներ», «դու խի՞ չես զոհվել» արտահայտություններով։
Սա ոչ միայն պատերազմի մասնակից, բռնի տեղահանված, խոցելի կարգավիճակում գտնվող մարդու նկատմամբ հանրայնորեն ընկալելի չէ, այլև երկրի առաջին դեմքի կողմից հանցավոր ատելության ու թշնամանքի քարոզ է։
Պետք չէ գալ և հիշեցնել, որ իմ և Արթուր Օսիպյանի քաղաքական հայացքները, մեղմ ասած, խիստ տարբեր են. ես դա չեմ մոռացել։
Բայց դա չի կարող փոխել ոչ նրա խոցելի կարգավիճակը, ոչ քաղբանտարկյալ լինելու փաստը, ոչ էլ իմ վերաբերմունքը քաղաքական բռնաճնշումներին և կատարվող անարդարադատությանը։
Ազատություն Արթուր Օսիպյանին։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։
