ԵԿԵԼ Է ԱՅՆ ՊԱՀԸ, ՈՐ ԲՈԼՈՐՍ ԵՐԱՆՈՒԹՅԱՄԲ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԱՆՑՅԱԼԻ ԱՄԵՆԱՎԱՏ ՊԱՀԵՐԸ․ ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Էստրադային երգչուհի, 90-ականների վերջի և 2000-ականների սկզբին հայկական շոուբիզնեսի սեքս-սիմվոլ համարվող Լիլիթ Կարապետյանին հանդիպեցինք «Մեր բակը 25 տարի անց» ֆիլմի պրեմիերայի ժամանակ։ Նա, հիշեցնենք, 1996 թվականին նկարահանվել էր «Մեր բակը-1» ֆիլմում։ Առիթն օգտագործելով՝ Լիլիթին մի քնաի հարց ուղղեցինք իր գործունեության, շոուբիզնեսի ներկայիս վիճակի մասին, չշրջանցեցինք նաև քաղաքական թեմաները։
-Լիլիթ, ինչո՞վ եք զբաղվում այսօր։ Դուք 90-ականներին ձևավորված հայկական շոուբիզնեսի աստղաբույլից եք, այսօր այդ շրջանի դեմքերն այլևս էկրաններին չեն, ինչո՞վ է դա պայմանավորված։
-Հիմա, կարծում եմ, էկրաններին բոլորը չեն, հիմա ավելի շատ համացանցերում են․ Էլ TV-ի հետ կապված՝ ոչ մի կապ չկա։ Ես երգում եմ, ինչպես միշտ, նոր երգեր ունեմ, ինչ-որ համերգային ծրագրերի եմ մասնակցում և որդուս մեծացնում եմ։
-Իսկ որտե՞ղ եք երգում։
-Տարբեր ակումբներում, բայց ավելի մեծամասշտաբ՝ «Տաշիր շոուին» պիտի գնամ, մրցանակաբաշխությունների պիտի մասնակցեմ։
-Իսկ Հայաստանում համերգնե՞ր։
-Չէ, համերգների մասին շատ ենք մոռացել, ավելի շատ երեկոներ են իրենք։
-Իսկ ինչո՞ւ մարեց 90-ականների և 2000-ականների սկզբի այդ աստղային կյանքը, ի՞նչ է փոխվեց այս ընթացքում։
-Դե, ժամանակները փոխվեցին, հետո նոր սերունդը եկավ, մենք էլ նախանձ չենք, նոր սերնդին զիջեցինք, տեղ տվեցինք, բայց ես չեմ դադարել երգել։
-Կարծում եք՝ նոր սերունդն ավելի՞ տաղանդավոր է։
-Ավելի կամ պակաս՝ կապ չունի։ Բնականաբար, դու քո պիկը ունեցել ես ու շարունակում ես պահել, իսկ նորն էլ պիտի արդեն իր վերելքներն ունենա, իհարկե, նախկին երգիչ-երգչուհիների օգնությամբ և ուղեկցությամբ։
-Իսկ համացանցը ինչո՞վ է նպաստում կամ խանգարում դրան։
-Տեսեք, ժամանակներին համապատասխան համացանցն է, բայց մեր ժամանակ ավելի լավ էր։
-Ես հիշում եմ, որ ձեր ժամանակ տարբեր ալիքներով թոփ-տասնյակներ էին լինում, դրանցում թեժ մրցակցություն կար, թե ով պետք է այդ շաբաթվա առաջին հորիզոնականում հայտնվի, հիմա չկա նման բան։
-Ամենակարևորը՝ բեմի մարդը պիտի համերգներին երգի։ Այսօրվա երիտասարդ երգիչները նույնպես կարոտում են համերգները։ Բայց ժամանակները փոխվել են, ապրելակերպը դժվարացել է, ամեն ինչ բերեց ավելի ակումբային, ռեստորանային կյանքի։
-Իսկ քաղաքական իրադարձությունները, պատերազմը, երկրում տիրող իրավիճակը ազդո՞ւմ են շոուբիզնեսի վրա։
-Ոչ թե ազդում են, այլ քանդել են ամեն ինչ։ Բացի այն, որ դու շոուբիզնեսի անդամ ես, դու նաև Հայաստանի քաղաքացի ես։
-Մտահո՞գ եք։
-Ես ոչ թե մտահոգ եմ, այլ խենթացած եմ այդ հողի վրա՝ պատերազմի, քովիդի, ու ամեն ինչ շատ ծանր եմ տանում։
-Ի դեպ, շոուբիզնեսի շատ ներկայացուցիչներ բավականին ակտիվ են քաղաքականապես, մեկը իշխանություններին է պաշտպանում, մյուսը՝ ընդդիմադիր է։ Դուք, օրինակ, ինչպիսի՞ քաղաքական դիրքորոշում ունեք։
-Դիրքորոշումն իմն է, ոչ ոքի դա պիտի որ չհետաքրքրքի։ Ես պարզապես մի բան կասեմ՝ աչքիս ընկնում են էն մարդիկ, ովքեր քաղաքական հողի վրա վիճում են, նույնիսկ համացանցից իրար ջնջում են ու վատ խոսքեր են օգտագործում։ Ես էդ մարդկանց համարում եմ դատարակամիտ մարդիկ։
-Բայց ավելի շատ ընդդիմադի՞ր եք տեսակով, թե՞ միշտ իշխանությանն եք կողմ եղել։
-Ես ժողովրդի կողմից եմ։ Բայց եկել է մի պահ, որ ես մտածում եմ մի քիչ այլ կերպ, և չեմ ուզում երանի տալ անցյալին։ Բայց եկել է այն պահը, որ բոլորս երանությամբ հիշում ենք անցյալի ամենավատ պահերը, որը արդեն շատ վատ բան է նշանակում։ Այսինքն՝ ներկա չունենք, ապագահի մասին չենք կարող պատկերացնել, ապրում ենք նույնիսկ ամենավատ անցյալով։ Եթե գոհ չես քո կյանքից, ապագա արդեն չես պատկերացնում, և երանությամբ հիշում ես անցյալ կայնքդ, դա նշանակում է, որ ամեն ինչ կործանված է։
