Վտանգ Նորավան թաղամասում․ մանկապարտեզի կողքի ծառում բույն են դրել խոշոր կրետները
Գյումրու Նորավան թաղամասում գտնվող մանկապարտեզի հարևանությամբ աճած չորացած ծառի վրա խոշոր կրետների (շերշեն) բույն է հայտնաբերվել, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել բնակիչների շրջանում։
Ահազանգի հեղինակն ընդգծում է, որ միջատները մեծ չափերի են և կարող են վտանգ ներկայացնել հատկապես երեխաների համար, քանի որ բույնը գտնվում է մանկապարտեզի անմիջական հարևանությամբ։
Քաղաքացին նաև հայտնել է, որ մի քանի անգամ փորձել է զանգահարել 911 ծառայություն, սակայն, իր խոսքով, պատասխան չի ստացել։
Բնակիչները կոչ են անում պատասխանատու կառույցներին հնարավորինս արագ ուսումնասիրել իրավիճակը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ հնարավոր վտանգները կանխելու նպատակով։
Նշենք, որ եթե նման դեպք արձանագրվել է Գյումրու մեկ հատվածում, չի բացառվում, որ խոշոր կրետների բներ լինեն նաև քաղաքի կամ մարզի այլ բնակավայրերում։ Մասնագետները խորհուրդ են տալիս նման դեպքեր նկատելիս չմոտենալ բներին և անմիջապես տեղեկացնել համապատասխան ծառայություններին։
