ԿԻՐԱԿԻ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ

Հավերժի՛ Աստված և բոլորի արարիչ, որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, առանձնացրիր լույսը խավարից: Մեղքով խավարյալս ընկնում եմ Քո առջև և աղաչում Քեզ, իմ Տե՛ր և Աստված, լուսավորիր խավար խորհուրդներս ու մթով ծածկված մտքերս, բաց արա զգայարանիս առագաստը գործելու և անպիտան ծառայիս ծագեցրու Քո ճառագայթների շողը: Փա՛ռք անպատում, որ փարում էիր անհուն համասփյուռ ջրերի վրա, փայլեցրու նվաստիս փառքիդ սրբարար լույսը, մեղքերից մաքրիր բազմամեղիս և սրբիր անսահման սխալներից: Տե՛ր և Աստված իմ, որ այս օրը լույսը տիվ անվանեցիր, իսկ խավարը` գիշեր, իմ մեղքի գիշերը և իմ անօրինությունների խավարը հերքիր ու հեռացրու ինձնից: Բայց դու, Տե՛ր, գթած և մարդասեր, որ երկնքի ու երկրի լինելուց առաջ նախապես պատրաստեցիր արքայությունդ սուրբ առաքյալներին և բոլոր Քեզ սիրողներին, ինձ ևս արժանի արա նրանց հետ ժառանգելու խոստացածդ բարիքները և նրանց հետ փառավորելու Երրորդությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:

 

 

Share This