Մարտի 1-ից 13 տարի անց քրգործը չի հասել բուն դատաքննական փուլ

Մարտի 1-ից 13 տարի անց քրգործը չի հասել բուն դատաքննական փուլ 2008թ.-ի փետրվարին հանրապետությունում տեղի ունեցան նախագահական ընտրություններ. առաջադրված թեկնածուներն էին՝ Արթուր Բաղդասարյան՝ «Օրինաց երկիր» կուսակցություն, Արտաշես Գեղամյան՝ «Ազգային միաբանություն» կուսակցություն, Տիգրան Կարապետյան՝ «Ժողովրդական» կուսակցություն, Արամ Հարությունյան՝ «Ազգային համաձայնություն» կուսակցություն, Վահան Հովհաննիսյան՝ ՀՅԴ կուսակցություն, Վազգեն Մանուկյան՝ «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն, Արման Մելիքյան՝անկուսակցական, ինքնառաջադրման կարգով, Սերժ Սարգսյան՝ ՀՀԿ, Լևոն Տեր-Պետրոսյան՝ անկուսակցական, ինքնառաջադրման կարգով, իսկ թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը չգրանցվեց վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի չհանդիսանալու և Արամ Կարապետյանը` վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես չբնակվելու պատճառաբանությամբ։ Օրվա ընթացքում պարբերաբար արձագանքում էին լցոնումների, ընտրակեղծիքների մասին: ԿԸՀ-ի նախնական արդյունքների համաձայն՝ ընտրություններում հաղթեց Սերժ Սարգսյանը՝ 52,83% ձայներով։ Երկրորդ տեղում Լևոն Տեր-Պետրոսյանն էր՝ 21,5%, իսկ երրորդ տեղում ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն էր՝ 17,7% ձայներով։ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց ընտրության արդյունքները չճանաչելու մասին։ Ընտրությունների հաջորդ օրը՝ փետրվարի 20-ին, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հավաք սկսեց, հավաքը տեղափոխվեց Ազատության հրապարակ, որտեղ Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ ու հայտարարեց հաջորդ օրը ևս հավաք անցկացնելու մասին: Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Երևանի Ազատության հրապարակում հիմնեցին շուրջօրյա ճամբար և սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ: Նրանք չէին ընդունում ընտրությունների արդյունքները և պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող քաղաքացիների շուրջօրյա խաղաղ հավաքը մարտի 1-ի առավոտյան ընդհատվեց ոստիկանական բռնի գործողություններով։ Մարտի 1-ի հայտնի իրադարձությունների ժամանակ զոհվեց տասը մարդ (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) և վիրավորվեցին հարյուրավոր ոստիկաններ, զինծառայողներ և քաղաքացիական անձինք: Անկարգությունները կանխելու նպատակով 1 ամիս ժամկետով Երևան քաղաքում հաստատվեց արտակարգ դրություն: Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ: 2018թ.-ին թավշյա հեղափոխությունից հետո իշխանության խոստումներից մեկը՝ «Մարտի 1-ի» գործի արդար և թափանցիկ քննությունն էր: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի գործը բացահայտելու քաղաքական կամք ունի։ Հեղափոխական իշխանության օրոք առաջադրվեց մեղադրանք Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին «ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Սույն գործով անցնում են նաև 2008թ. պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, այդ շրջանում պաշտպանության փոխնախարար, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և այլք: Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ գրավով ազատ է արձակվել: Նախկին նախագահը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը՝ այդ ամենը որակելով որպես քաղաքական հետապնդում։ Մարտի 1-ի ողբերգությունից 13 տարի անց էլ քրեական գործը չի թևակոխում բուն դատաքննության փուլ: Հիշեցնենք, որ մարտի 26-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող որոշումը։ ՍԴ-ն գտավ, որ վիճարկվող 300․1 հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության 78 և 79-րդ կետերին
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )