Չհայտարարված մշտադիտարկման այց՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները հունիսի 2-ին չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
🔎Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին և դրանց համապատասխանությանը սահմանված չափանիշներին։ Մշտադիտարկման շրջանակում ուսումնասիրվել է նաև կարանտինային բաժանմունքը։
👥ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ։ Դիտարկվել են նաև հացադուլ հայտարարած անձանց, այդ թվում՝ Արտուր Օսիպյանի իրավունքների իրացմանն առնչվող հարցերը, պահման պայմանները։
Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ և բժիշկ:
🔎Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման, արտաքին աշխարհի հետ կապի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, հոգեբանական աշխատանքի և վերասոցիալականացման գործընթացների, հացադուլի վարման ընթացքի, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմանների հետ կապված հարցերը։
⚖Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, բազմիցս է անդրադարձել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում խոնավության, սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված համակարգային խնդիրներին, ինչը խնդրահարույց է ինչպես ազատությունից զրկված անձանց, այնպես էլ քրեակատարողական ծառայողների իրավունքների տեսանկյունից։ Պաշտպան Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին, և հարցը պետք է ստանա համակարգային ու շուտափույթ լուծում:
🔹Առանձնազրույցների արդյունքներով քննարկվել են հացադուլ հայտարարած անձանց զբոսանքի իրավունքի իրացման մեխանիզմների հնարավոր բարելավման, անձնական հիգիենայի ապահովման, արտաքին աշխարհի հետ կապի, կալանավորված անձանց՝ ռադիոյով ապահովելու հետ կապված հարցեր։
🔹Բոլոր հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուրաբաշեն» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։ Բարձրացված հարցերի մի մասը տեղում ստացել է լուծում, որոշ խնդիրների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, իսկ արձանագրված մյուս խնդիրները` համապատասխան լուծումներ գտնելու պահանջով կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին։
⚖Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության և պահման պայմանների բարելավման համակարգային հարցերը։ Մշտադիտարկման այցերը կրում են շարունակական բնույթ։
