Արցախի հարցում վտանգները մեծանում են
Այսօր Մոսկվայում կշարունակվեն դեռ երեկ մեկնարկած ռուս-թուրքական բանակցությունները՝ Իդլիբում տիրող իրադրության հարցով։ Մինչ այս, դեռ նախորդ շաբաթ համանման ռուս-թուրքական բանակցություններ ընթացել էին Անկարայում, սակայն առանց կոնկրետ արդյունքների։ Երեկ մեկնարկած բանակցությունները կշարունակվեն այսօր, սակայն թե ինչ արդյունք կունենա այն, պարզ չէ։ Մինչ այդ, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ չի կարելի թույլ տալ, որ իդլիբյան սրացումները ազդեց ռուս-թուրքական համագործակցության եւ առհասարակ՝ Մոսկվա-Անկարա հարաբերությունների վրա։ Որքան էլ առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, սակայն Սիրիայում Իդլիբի ապա-էսկալացիոն գոտում տիրող իրադրությունը եւ վերջնական արդյունքը այս հարցում, կարող է կարեւոր դառնալ նաեւ Հայաստանի համար եւ հատկապես՝ Արցախի համար։ Բանն այն է, որ երեկվանից հատկապես ռուսական մամուլում պտտվում է մի տեսակետ, ըստ որի, Թուրքիան, պարտվելով Սիրիայում, Մոսկվայից զիջումներ կորզելու համար կթեժացնի Արցախյան հակամարտության ճակատը։ Նշենք, որ Էրդողանը դա կանի միայն մեկ դեպքում, եթե նրան այդ քայլին գնալու արտոնություն տա ԱՄՆ-ն։ Բաքվի համար սա ձեռնտու է, քանի որ պատերազմով կարող է պարզապես իր ներքին հարցերը լուծել եւ եղած խնդիրներից շեղել իր ժողովրդի ուշադրությունը։
