Ինչ են հասկացնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ այցելելով Ստեփանակերտ

Պաշտոնական լրահոսի համաձայն, այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այցելել են Արցախ եւ հանդիպում ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Սա, ինչ խոսք բավական հետաքրքիր է, քանի որ տեւական ժամանակ համանախագահներն իրենց ռեգիոնալ այցերի ժամանակ Ստեփանակերտը մի տեսակ շրջանցում էին, ու բավարարվում միայն Երեւան եւ Բաքու այցելելով ու քննարկելով կարգավորման հարցը։ Զուտ դիվանագիտական լեզվից եթե վերծանենք, ինչ որ իմաստով համանախագահները վերականգնում են այն դրությունը, երբ ռեգիոնալ այցերը եռահանգրվան էին՝ Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու։ Սա կարող է նշանակել, որ միջանկյալ մի փուլում ինչ որ դիվանագիտական-քաղաքական էքսպերիմենտից հետո, համանախագահները որոշել են վերադառնալ բանակցային դասական մոդելին՝ Մադրիդյան սկզբունքները վերակենդանացնելով, որպես բանակցությունների համար բազային փաստաթուղթ։ Հնարավոր է, որ նրանք արդեն հասկացել են, որ Փաշինյան-Ալիեւ ուղիղ երկխոսության հնարավորություններն այս փուլում սպառվել են, ու շարունակում են գործընթացը եղած ֆորմատով։ Չի բացառվում նաեւ որոշակի պայմանավորվածության առկայությունը, հատկապես որ բանակցությունների հետ կապված եւ Երեւանը եւ Բաքուն չափազանց մեխ գաղտնապահություն են ցուցաբերում։ Սովորաբար, ամեն ռեգիոնալ այցից հետո նրանք տարածում են հայտարարություն եւ սպասել է պետք վերջինիս հրապարակմանը, տողարանքներում եղածը քաղելու համար։
