Ինչ կանի Փաշինյանը՝ Հրայր Թովմասյանին չեզոքացնելու համար

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված կացությունը կրկին լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել գործող իշխանությանը։ ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ըստ ամենայնի շարունակում է բանակցությունները Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումների հարցի շուրջ։ Սակայն Հրայր Թովմասյանի չեզոքացման հարցում, կարծես թե այլ ելքեր պետք է սկսեն փնտրել Փաշինյանի թիմում, քանի որ նույն հարցով երկրորդ անգամ դիմելը անհնար է։ Այս անհասկանալի կիսահանգուցալուծվածության ֆոնին բավական հետաքրքրական էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կեցվածքը, ով իր հարցազրույցներից մեկում ակնհայտորեն դժգոհել էր Փաշինյանի թիմից, ասելով, որ իր մատնանշած ուղով շարժվելու, իր գրած նամակին ընթացք տալու փոխարեն ընկած են անհասկանալի գործողությունների հետեւից։ Մամուլում այսօր պտտվում էին լուրեր այն մասին, որ իշխանությունը չի հանձնվելու եւ որոշել է նոր եղանակներ գտնել՝ ՍԴ-ն շարքից հանելու համար, ընդհուպ մինչեւ վերջինիս ցրելուն գնալով կամ զուգահեռ կառույց ստեղծելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալով։ Իհարկե սա էլ է բավական ռիսկային քայլ։ Օրեր առաջ Հանրայինի «Լուրերը» անթաքույց ուրախությամբ հաղորդում էր Հրայր Թովմասյանի եկամուտների հետ կապված խնդիրների մասին։ Չի բացառվում, որ սկսվի քննություն եւ որոշեն այս ուղղությամբ՝ քրեական հոդվածով Հրայր Թովմասյանին հանել շարքից։
