Պետական պարտքի ավելացման հարցում համաձայնույան գալ չեն կարողացել
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ու Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Քեւին Մաքարփին նախօրեին հանդիպել են Սպիտակ տանը՝ քննարկելու համար ամերիկյան պետական պարտքի վերին շեմի բարձրացման հարցը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ, ԱՄՆ Ֆինանսների նախարար Ջանեթ Յելլենը հայտարարել է, որ եթե նման բան չարվի, ապա Միացյալ Նահանգները իր պատմության մեջ առաջին անգամ կհայտնվի դեֆոլտի մեջ։ Reuters լրատվական գործակալությունը, սակայն տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում հնարավոր չի եղել համաձայնության գալ պետական պարտքի ավելացման հարցի շուրջ։ Նշենք որ նախագահ Բայդենը հայտարարել էր, որ եթե Միացյալ Նահանգներն իր պետական պարտքի դեֆոլտ հայտարարի, դա մեծ հարված կլինի ամերիկացի ժողովրդի և ամբողջ աշխարհի տնտեսական բարեկեցությանը: Սպիտակ տան ղեկավարը նաեւ ասել է, որ հարկավոր է կրճատել ծախսերը, եւ հավելել, որ չնայած Մաքարթիի հետ ունեցած տարաձայնություններին՝ լավատեսորեն է տրամադրված։
Վերջինս Բայդենի հետ հանդիպումը գնահատել է արդյունավետ, կարծիք հայտնել, որ, այնուամենայնիվ, կհաջողվի համաձայնության հասնել: «Կարծում եմ՝ երկուսս էլ ցանկանում ենք պայմանավորվածության հասնել։ Երկուսս էլ համաձայն ենք, որ կան ոլորտներ, որոնց շուրջ տարաձայնություններ կան։ Բայց, կարծում եմ, հանդիպումն արդյունավետ էր։ Կար պրոֆեսիոնալություն, ազնվություն միմյանց հանդեպ և ընդհանուր եզրեր գտնելու ցանկություն»,- նշել է Մաքարթին։
Ավելի վաղ նա Բայդենին մեղադրել էր վերահաս ճգնաժամն անտեսելու համար։ Բայդենը և դեմոկրատները Կոնգրեսին կոչ են անում բարձրացնել պետական պարտքի շեմը՝ առանց որևէ պայմանի: Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմող հանրապետականները հրաժարվում են հաստատել բարձրացումը՝ առանց բյուջետային ծախսերի կրճատման:
