Դավիթ Գևորգյանը նշանակվել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Դավիթ Գևորգյանին բժշկական կենտրոնի անձնակազմին ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը պետք է զարգանա Երևանի առաջատար կլինիկաներին համահունչ։
Ըստ նախարարի՝ առաջնահերթություններն են բուժծառայությունների ծավալի և որակի բարձրացումը, մասնագիտական կադրերով համալրումը, ժամանակակից սարքավորումներով հագեցումն ու ենթակառուցվածքների զարգացումը։
Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել կենտրոնը երկար տարիներ ղեկավարած Արմեն Իսահակյանի ներդրումը, ինչպես նաև վերջին ամիսներին բժշկական կենտրոնի բնականոն աշխատանքն ապահոված Արմեն Խաչատրյանի դերը։
Նախարարը կարևորել է պատասխանատու պաշտոնը երիտասարդ, բայց արդեն խոստումնալից մասնագետին վստահելու հանգամանքը՝ հույս հայտնելով, որ Դավիթ Գևորգյանի և կենտրոնի անձնակազմի համատեղ աշխատանքի արդյունքում բուժհաստատությունը զարգացման նոր փուլ կմտնի։
