Հումանիտար հրադադար է հաստատվել
Սուդանի հակամարտող բանակի եւ արագ արձագանքման ստորաբաժանումների միջեւ յոթ օր տեւողությամբ հումանիտար հրադադար է հաստատվել։ Այս մասին հայտնում է Al-Hadath հեռուստաընկերությունը։ Համաձայն հաղորդման, նախքան հրադադարի հաստատումը, որոշ ժամանակ մայրաքաղաք Խարթումում դեռ լսելի էին կրակոցների եւ պայթյունների ձայներ։ Ներկայումս սակայն իրավիճակը հանգիստ է։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, առաջիկա յոթ օրերի ընթացքում մարտական գործողությունները կդադարեցվեն, որպեսզի քաղաքացիական բնակչությունը հնարավորինս անվտանգ կերպով դուրս բերվի հակամարտության տարածքից եւ նաեւ բաշխվի հումանիտար օգնություն։ Հակամարտող կողմերը պայմանավորվել են քաղաքացիական բնակչության համար վերականգնել հասանելիությունը ջրին, էլեկտրականությանը։ Նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հակամարտող կողմերն իրենց ուժերը դուրս են բերելու հիվանդանոցներից եւ այլ սոցիալական նշանակության հաստատություններից։ Հակամարտության մեկնարկից ի վեր, սա արդեն երկրորդ երկարատեւ համաձայնությունն է, որ կայացել է կողմերի միջեւ։
