Նիկոլ Փաշինյանը հորդորում է որեւէ զարգացման դեպքում խուճապի չմատնվել
Կառավարությունում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չունենք, այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են, պատասխանը բացասական է:
«Այս պահի դրությամբ սպասում ենք 9 թեստերի պատասխանների եւ պատասխանները լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք: Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց եթե Աստված մի արասցե, հաստատվեն, մենք այդ մասին կտեղեկացնենք: Եթե հաստատվեն, դա որեւէ խուճապի առիթ չպետք է լինի: Սա հաղթահարելի հիվանդություն է եւ նույնիսկ առայժմ մեր միակ ախտորոշման դեպքի համար նույնիսկ այնպիսի ընթացք ունի, որ փաստորեն նա չի բուժվում, որովհետեւ ոչ մի ախտանշան չունի, անգամ ջերմություն չունի: Կարճ ջերմություն է ունեցել, հետո ջերմությունն ինքն իրեն իջել է: Հիմա ուղղակի մարդը սուր վարակիչ հիվանդությունների բժշկական կենտրոնում, ուղղակի հեռուստացույց է նայում»,-ասաց Փաշինյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին գրեց․
« Վարչապետի մատնանշած կորոնավիրուսով 9 կասկածելի դեպքի վերաբերյալ, ինչպես վերջում ավելացրեցի, նորից կրկնեմ.
նրանք հերթական ստուգվողների խումբն են, որոնք մինչ օրս եղել են 120 հոգի։
Եթե նոր դեպք արձանագրվի, բոլորը անմիջապես կտեղեկացվեն դրա մասին»։
