ՄԻ ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ․ «ԳՅՈՒՄՐԻ»
Խոսքը ճանաչված կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի «Գյումրի» կամ ժողովրդին մի այլ, «Հին ֆայտոնը» վերնագրով առավել հայտնի երգի մասին է: Գրելու շարժառիթը այն հորինվածքներն են, որոնք որեւէ կապ չունեն իրականության հետ եւ հիմնականում այն բացառիկ դրվագը, որն ընկած է երգի ստեղծման պատմության հիմքում, եւ որը, ճանաչված արվեստագետի՝ Խաչատուր Ավետիսյանի ոչ այնքան ստեղծագործական, որքան մարդկային անկրկնելի նկարագրի լավագույն վկայությունն է:
1986 թվականին կառավարության որոշումով Լենինականում (Գյումրի) ստեղծվեց ժողովրդական գործիքների պետական նվագախումբ, որի ղեկավար նշանակվեց տաղանդավոր երաժիշտ՝ Ջիվան Խաչատրյանը. Որը դրանից առաջ ստեղծել եւ ղեկավարում էր ժողովրդական գործիքների մանկական նվագախումբը: Հրաշալի նվագախումբ: Ջիվանն արդեն լծվել էր նոր նվագախմբի կազմավորման գործին: Իսկ նվագախմբի ստեղծագործական հովանավորությունը կամովին ստանձնել էր այն ժամանակ շատ հայտնի, ծնունդով գյումրեցի, կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանը: Ես այդ ժամանակ աշխատում էի թերթում եւ մանրամասն լուսաբանում էի նորաստեղծ նվագախմբի կազմավորման ոչ միայն տեխնիկական, նաեւ ստեղծագործական աշխատանքների ընթացքը: Մի օր Ջիվանն ասաց, որ Խաչատուր Ավետիսյանը ուզում է հանդիպել ինձ հետ: «Ինչու՞,- զարմացած հարցրի ես»: «Ուրեմն, մաեստրոն ուզում է երգ գրել Գյումրիի մասին, առաջին համերգին հնչեցնելու համար, եւ ուզում է, որ դու գրես խոսքերը»: Ես, բնականաբար, հրաժարվեցի, պատճառաբանելով, որ չեմ կարող, որ դա պատասխանատու գործ է, որ ես երգի տեքստ գրելու փորձ չունեմ, որ… որ… որ… Ջիվանը խորամանկ քայլ արեց. «Լսիր, քանի ո ես արդեն պայմանավորվել եմ հանդիպման համար. Հանդիպեք, հետո հրաժարվիր»: Ես համաձայնվեցի ու մենք հանդիպեցինք: Ինքը ինձ չէր ճանաչում, ես՝ իրեն: Նկատի ունեմ ՝ անձամբ, թե չէ նրան բոլորն էին ճանաչում: Հանդիպեցինք ու տեղի ունեցավ շատ տարօրինակ խոսակցություն: Ծանոթանալուց անմիջապես հետո,մաեստրոն անցավ գործի: Ներկայացնում եմ առաջին նախադասությունը, որ նա ասաց ծանոթության ձեռքսեղմումից հետո. «Ուրեմն, մենք ստեղծում ենք մի գործ, որը մոռացնելու է «Գյուրի-Լենինական» երգը»:
Ասեմ, որ խոսքը նույնպես ճանաչված կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի հայտնի երգի մասին է, որի խոսքերի հեղինակը Հովհաննես Շիրազն է, ոչ ավել, ոչ պակաս: «Մաեստտրո,- ասացի ժպտալով,- ես չեմ կասկածում, որ դուք Վլադիլեն Բալյանի երգից ավելի լավ երգ կարող եք ստեղծել, բայց գիտե՞ք այդ երգի խոսքերն ով է գրել»: «Շիրազը» – շատ հնգիստ պատասխանեց նա: «Գիտեք եւ ուզում եք, որ ե՞ս…»: «Այո»-նույն հանգստությամբ ասաց կոմպոզիտորը: «Բայց ինչու՞ եք ուզում, որ ես գրեմ»- համառորեն փորձում էի հրաժարվել ես:
«Ուզում եմ, որ գրողը գյումրեցի լինի»: «Գիտե՞ք Երևանում ինչքան գյումրեցի գրողներ կան…»-շարունակում էի համառել: «Ուրեմն, պայմանավորվեցինք»-ընդհատեց մաեստրոն: Ես հուսահատ նայեցի բավականությամբ ժպտացող Ջիվանին ու ոչինչ չասացի:
Սկսեցինք աշխատել: Առաջին տարբերակը չհավանեց: Գրեցի երկրորդը: Չհավանեց: Դա ինձ հասցրեց կատաղության: Ջիվանին ասացի, որ հրաժարվում եմ գրել: Ջիվանը, իհարկե դեմ էր իմ որոշմանը, ու ջանք չէր խնայում համոզելու, որ շարունակեմ գործը, որ մի անգամ էլ փորձեմ, եթե չընդունի, հրաժարվեմ: Իմ հարցին, թե ի՞նչ է ուզում, ինչպիսի՞ տեքստ է ուզում, անկեղծ ասաց, որ ինքն էլ չգիտե: «Լսիր, ես նրան լավ չեմ ճանաչում, հասկանու՞մ ես, չգիտեմ ինչ է ուզում»-ասացի:
«Ես էլ այդքան լավ չեմ ճանաչում»-արդարացավ Ջիվանը:
«Գոնե մի բան պատմիր»-գոռացի ես: «Ի՞նչ պատմեմ»-տարակուսած հարցրեց նա: «Մի դեպք, մի արարք, մի եսիմինչ…որ կողմնորոշվեմ, հասկանամ… Լավ, է, ոչ էլ պատմիր… պետք չէ…»-հուսահատ թափ տվեցի ձեռքս, հաստատ որոշելով, որ չեմ գրելու: Մի պահ լռելուց հետո, Ջիվանը անվստահ ասաց, որ մի բան է լսել, բայց չգիտե, դա կօգնի՞ ինձ, թե ոչ:
«Պատմիր»-ասացի, ինքս էլ չհավատալով, որ ինչ որ բան այլեւս կարող է օգնել ինձ: «Ասում են,-սկսեց Ջիվանը,-որ մաեստրոն ամիսը մեկ անգամ, իր մեքենայով գիշերը գալիս է Գյումրի, շրջում է փողոցներով, հետո՝ գնում կանգնում է իրենց տան դիմացի մայթին: Այն տան,որտեղ ծնվել-մեծացել է, ու որտեղ հիմա ուրիշ մարդիկ են ապրում: Նայում է ամբողջ գիշեր իր մանկության տանն ու առավոտյան վերադառնում Երեվան»: Այս պատմությունից հետո, ծանր լռություն տիրեց: Մենք երկար ժամանակ չխոսեցինք: Ես գրեցի երրորդ տարբերակը.
Ֆայտոն նստած կանցնիմ նորից,
Իմ մանկության հին թաղերով,
Սիրտս լիքը, քո կարոտից
Ծնված անուշ տաղերով:
Ձուլված լուսնի լույսին ասես,
Ճերմակ ձիերն, ինչպես ճայ,
Կթռցնեն առաջվա պես,
Կտանեն ինձ Արփաչայ:
Սուփրա գցած առաջվա պես,
Մոռացած ժամ, պատարագ,
Շախով-շուխով քեֆ կանեմ ես,
Գյումրի քաղաք, հարկիդ տակ:
Հովը՝ երգիչ, ու սիրտս՝ դափ,
Կսլանամ գիշերով,
Ու կլցվի, ախ, ափեափ,
Հին ֆայտոնը հուշերով:
Հին ֆայտոնը երգ ու դափով,
Լցված կարոտ սրտիս պես,
Հեռուներից երգիս թափով,
Կուգա նորից դեպի քեզ:
Քեզ տեսնելը ինձ կյանք է մի,
Երգիչների սիրո լար,
Վարպետների քաղաք, Գյումրի,
Վարպետներիդ պես արդար:
«Այ, սա էի ուզում»-ասաց մաեստրոն: Շատ չանցած, տեղի ունեցավ Գյումրիի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի առաջին համերգը: Դա իրադարձություն էր ամբողջ Հայաստանի մշակութային կյանքում: Այդ նվագախումբը նոր էր ոչ միայն նոր կատարողներով, այլեւ գեղարվեստական նոր որակով, նոր արտահայտչամիջոցներով, նոր ռիթմով ու նոր հնչողականությամբ: Ջիվան Խաչատրյանը սիմֆոնիզմ մտցրեց ժողովրդական գործիքների նվագախմբում, որը ամենանշանակալի արժեքն էր, որ բերեց նրա ղեկավարած նվագախումբը ժողովրդական երաժշտություն:
ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նկարում՝ Գյումրիի ժող.գործիքների պետական նվագախուբը. 1986թ.
