Կոնյակ-բամբաներկով չեմ եկել շնորհավորելու քաղաքապետին, բայց մենք գժտված չենք, նորմալ բարևել ենք իրար. Սարիկ Մինասյան

Կոնյակ-բամբաներկով չեմ եկել շնորհավորելու քաղաքապետին, բայց մենք գժտված չենք, նորմալ բարևել ենք իրար. Սարիկ Մինասյան

Արդեն հայտնել էինք, որ այսօր տեղի է ունեցել Գյումրիի նորընտիր ավագանու երկրորդ նիստը, որին մասնակցում էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Ավագանու նիստին փոխքաղաքապետեր ընտրեցին, հանձնաժողովի նախագահներ, կատակեցին, աղոթեցին, իսկ վերջում էլ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
Մինասյանը հայտարարեց, որ իրենց նախընտրական ծրագրի բոլոր կետերը` նախագծերի տեսքով ներկայացնելու են և հետևողական են լինելու, որ իրականանան:
«Ինչպես ընկեր Ղուկասյանն է խիստ լինելու, դրանից ավել մենք ենք խիստ լինելու։
Կրկնակի անգամ մենք ենք խիստ ու հետևողական լինելու, որպեսզի պաշտոնյաները իրենց լիազորությունները և պարտականությունները իրականացնեն պատշաճ՝ օրենքին համապատասխան և ծառայեն գյումրեցիներին»,-ասել է Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը։
Խոսելով Վարդան Ղուկասյանին շնորհավորելու մասին, ասաց.
«Կոնյակ-բամբաներկով չեմ եկել շնորհավորելու քաղաքապետին, բայց մենք գժտված չենք, նորմալ բարևել ենք իրար»,-նշեց Մինասյանը։
Սարիկ Մինասյանը շեշտում է, որ վերցնելու է իր մանդատը եւ որևիցե պաշտոնի չի հավակնում:
«Ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ 17 հազար 200 ձայն ունեցող խմբակցություն և անձնավորություն եմ: Ինձ համար դա Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոնն է»։ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը բացառում է Կոմունիստական կուսակցության հետ կոալիցիա կազմելը.
«Ես ուր, կոմունիզմը ուր»։ Նա նշեց, որ արտահերթ ընտրությունների օրակարգը կլինի այն ժամանակ, երբ տվյալ ձևաչափով ձևավորված իշխանությունը սկսի «ճաքեր տալ ու կբախվեն անձնական ու քաղաքական շահերը»։

Share This