Զելենսկիի գրասենյակի աշխատակիցը, որը շփոթել էր Լիտվան ու Լատվիան ու հայտնվել ծիծաղելի իրավիճակում, քարտեզ է նվեր ստացել
Ուկրաինայի նախագահի գրասենյակի աշխատակիցը, որը Վլադիմիր Զելենսկիի արտասահմանյան պաշտոնական այցը լուսաբանելիս շփոթել էր Լիտվան և Լատվիան, քարտեզ է նվեր ստացել: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն:
«Երեկ սոցցանցերում Ուկրաինայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունում սխալ է գրվել այն երկրի անվանումը, որտեղ պետության ղեկավարն անցկացնում էր իր պաշտոնական այցը: Սխալն անմիջապես ուղղվել է: Սոցցանցերում աշխատանքի մասնագետը, որը թույլ էր տվել սխալը, պատիժ և աշխարհագրական քարտեզ է նվեր ստացել: Հայցում ենք ընթերցողների ներողամտությունը»,- գրել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակը Զելենսկիի արտասահմանյան պաշտոնական այցը լուսաբանելիս շփոթել է Լիտվան և Լատվիան: Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրի ղեկավարի գրասենյակի պաշտոնական ֆեյսբուքյան էջում լրատվական ծառայությունը Լատվիան, որտեղ պաշտոնական այցով գտնվում է Վլադիմիր Զելենսկին, անվանել էր Լիտվա: Սխալը նկատել էին սոցիալական ցանցի օգտատերերը:
«Վլադիմիր Զելենսկիի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն. լավագույն կադրերը»,- նշված է եղել «Ֆեյսբուք»-ում տարածված հաղորդագրության մեջ: Միաժամանակ, սակայն, լուսանկարում երևացել են Լատվիայի դրոշները:
![]()
