ՀՖՖ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել․ Զոհրապ Եգանյան
ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՖՖ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել և այն ընդունվել է: Շնորհակալություն եմ հայտնում Արթուր Վանեցյանին այս ոլորտում ինձ աշխատելու հնարավորություն տալու համար, ՀՖՖ-ն տարբերվում էր իմ նախորդ աշխատավայրերից, քանզի ֆուտբոլն ինձ համար ավելին էր, քան աշխատանքը, շարունակելու եմ խենթի նման սիրել այն ու երկրպագել հայկական ակումբներին ու հավաքականներին:
Շնորհակալություն այն մարդկանց, որոնց հետ պատիվ ունեցա աշխատել, սովորել նրանցից ու կիսվել սեփական փորձով: ՀՖՖ նոր ղեկավարությանը մաղթում եմ հաջողություններ, կարևոր չեն անձերը, կարևորը երկիրն է ու մեր ֆուտբոլի զարգացումը: Ժամանակն է, որ մեր թիմերն ու ազգային հավաքականները գրանցեն լուրջ արդյունքներ ու մասնակցեն խոշոր մրցաշարերի, դրան հասնելու համար առկա է ամեն տեսակի պայման: Կարծում եմ, պակասում է միայն հավատը, մենք դա կարող ենք տղաներ ու աղջիկներ, ոչ մեկն էլ մեզանից առավել չէ: Բարով մնաք, շնորհակալություն
