ՌԴ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է օկուպացված Կովսական
Ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի անդամները՝ փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այսօր ժամանել են օկուպացված Կովսական։ Այս մասին հաղորդում է ԱՊԱ գործակալությունը։
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ միջկառավարական հանձնաժողովի ռուս և ադրբեջանցի անդամները տեղում ծանոթացել են այնտեղ ծավալված շինարարական աշխատանքների ընթացքին։
Հյուրերին ներկայացվել է «Խելացի գյուղ» նախագծի շրջանակներում իրականացվող աշխատանքները, որի հիմքը դրվել է Ալիևի կողմից 2021 թվականի ապրիլին։
Նշվել է, որ նախագծի շրջանակներում գյուղում կառուցվել են 200 լիովին մեկուսացված, էկոլոգիապես մաքուր մասնավոր տներ, 360 աշակերտի համար նախատեսված դպրոց և 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ՝ օգտագործելով նորարարական շինանյութեր։
Պատվիրակությունը նաև հանդիպել է գյուղի բնակիչների հետ։
