Գորիսը կանգնած է ընտրության առաջ․ քարոզարշավն ավարտվում է, որոշումը՝ բնակիչներինը

Հոկտեմբերի 25-ին Գորիս խոշորացված համայնքում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Գորիս համայնքը կընդլայնվի՝ իր կազմում ներառելով նաև Տեղ և Տաթև համայնքները։

 

Նախընտրական քարոզարշավի մեկնարկից մինչև այսօր՝ հոկտեմբերի 23-ը, «Սյունիք Նյուզը» հետևել է Առուշ Առուշանյանի նախընտրական քարոզարշավին, լուսաբանել նրա հանդիպումներն ու ներկայացրած ծրագրերը, զրուցել տարբեր բնակավայրերի բնակիչների հետ՝ փորձելով հասկանալ մարդկանց տրամադրությունները, մտահոգություններն ու սպասելիքները։

 

Մեր հանդիպումների ընթացքում չհանդիպեցինք որևէ բնակչի, որը բացահայտ դժգոհություն կամ քննադատություն կհայտներ Առուշ Առուշանյանի գործունեության կամ ներկայացրած ծրագրերի վերաբերյալ։ Իհարկե, սա մեր լրագրողական շրջայցերի ընթացքում արձանագրված պատկերն է և չի կարող ամբողջությամբ ներկայացնել համայնքի բոլոր բնակիչների կարծիքները։ Սակայն այն, ինչ լսեցինք մարդկանցից, թույլ է տալիս արձանագրել, որ քարոզարշավի ընթացքում նրա նկատմամբ վերաբերմունքը հիմնականում դրական էր։

 

Քարոզարշավի օրերին տարբեր բնակավայրերում հնչեցին համայնքի զարգացման, ճանապարհների, բնակարանային խնդիրների, բնակիչների սոցիալական պայմանների և ապագայի վերաբերյալ հարցեր ու ակնկալիքներ։ Իսկ այժմ, երբ նախընտրական պայքարն ավարտվում է, խոսքը, խոստումներն ու քաղաքական գնահատականները տեղը զիջելու են ամենակարևորին՝ քաղաքացիների ազատ կամարտահայտությանը։

 

Այսօր` հոկտեմբերի 23-ին Գետափնյա թաղամասում Առուշ Առուշանյանի քարոզարշավին միացել էին նաև ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Ռոման Համբարձումյանը ովքեր իրենց ելույթներով դիմեցին բնակիչներին՝ անդրադառնալով Գորիս համայնքի զարգացմանն ու առաջիկա ընտրությունների կարևորությանը:

 

Նշենք նաև, որ նախընտրական քարոզչությունն իրականացվել է ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում։ Հոկտեմբերի 24-ը լռության օր է, իսկ հոկտեմբերի 25-ին խոշորացված Գորիս համայնքի բնակիչները կգնան ընտրատեղամասեր՝ որոշելու, թե ում են վստահելու համայնքի ղեկավարումը։

 

Վաղը՝ լռության օր է։ Մյուս օրը՝ որոշման։

 

Գորիսը, Տեղը, Տաթևն ու միավորված բնակավայրերը նոր փուլ են մտնում։ Եվ այդ փուլի ուղղությունը որոշելու են ոչ թե քարոզչական խոսքերը, այլ քաղաքացիների քվեն։

 

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանի հետ Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնի համար իր թեկնածությունն է առաջադրել նաև «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արգամ Հովսեփյանը։ Վերջինս նախընտրական քարոզարշավն իրականացրել է հիմնականում քայլերթերի և բնակիչների հետ անմիջական հանդիպումների միջոցով՝ այցելելով մարդկանց տուն առ տուն։

 

Ընտրությունը յուրաքանչյուր քաղաքացունն է։ Իսկ համայնքի ապագան՝ բոլորինը։

 

 

Share This