Փաստաբանական ծառայությունների հասանելիությունը և արդարադատության մատչելիության գնահատումը հարկային բեռի ավելացման համատեքստում․ քննարկում

Այսօր՝ 2026 թվականի ապրիլի 16-ին տեղի է ունեցել քննարկում «Փաստաբանկան ծառայությունների հասանելիությունը և արդարադատության մատչելիության գնահատումը հարկային բեռի ավելացման համատեքստում» թեմայով:

 

Քննարկմանը մասնակցել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցը: Նա ներկայացրել է թեմայի առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիրքորոշումը՝ անդրադառնալով ոլորտում հարկային բեռի ավելացման բացասական հետևանքներին, մարտահրավերներին և հնարավոր լուծումներին։ Ակլունցն ընդգծել է,որ հարկային փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո անգամ չեն դադարել աշխատանքները դրա բացասական ազդեցության մասին բարձրաձայնելու ուղղությամբ, ինչպես նաև խնդրի մասին շարունակական իրազեկումները շահագրգիռ կողմերին և միջազգային գործընկերներին: Իր խոսքում նա կարևորել է ներկայացվող զեկույցը` ընդգծելով, որ այն կարևոր ներդրում է այս հարցում:

 

Քննարկման ընթացքում ներկայացվել են փաստաբանական ծառայությունների հասանելիության վերաբերյալ հետազոտության արդյունքները:

 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը նշել է, որ հիշյալ ուսումնասիրությամբ փորձ է արվել վերլուծելու, թե հարկային նոր փոփոխությունը ինչպես է ազդելու իրավաբանական օգնության հասանելիության, դատական պաշտպանության հնարավորության, խոցելի խմբերի պաշտպանության և ընդհանրապես արդարադատության մատչելիության վրա։

 

ԻՊԱՍ փաստաբան և հետազոտող Նինա Հակոբյանը ներկայացրել է ուսումնասիրության հիմնական արդյունքները, համաձայն որոնց՝ հարկային փոփոխություններից հետո փաստաբանական ծառայությունների շուկայում գները բարձրացել են, նվազել է անհատ փաստաբանների գործունեությունը, և շուկան ավելի շատ կենտրոնացել է խոշոր գրասենյակների շուրջ։ Նա նաև նշել է, որ միաժամանակ կրճատվել է անվճար (pro bono) ծառայությունների ծավալը, ինչի արդյունքում հատկապես խոցելի խմբերի համար իրավաբանական օգնությունը դարձել է դժվար հասանելի։ Թեև ներդրվել են որոշ մեղմացնող մեխանիզմներ, դրանք գործնականում ամբողջությամբ չեն լուծում խնդիրը»:

 

Քննարկմանը մասնակցել և արդարադատության մատչելիությանն առնչվող առանցքային հարցերի շուրջ իրենց տեսակետները հայտնել են նաև ոլորտի փորձագետներ, իրավաբաններ և շահագրգիռ այլ կողմեր։ Հետազոտությունն իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ։

__________________

Տե՛ս ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքում

https://advocates.am/news/view/4567.html

Share This