Իմ դեմ մի 4 մարդ է գրել, իսկ Հայաստանում 7,5 հազար գիտնական կա

 հրաժարական են ներկայացրել ԿԳՄՍ նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը եւ նրա տեղակալ Վարդան Սահակյանը: Որեւէ բացատրություն Հարությունյանը չի տվել, ուստի այս քայլն ասեկոսեների առիթ է տվել: Տարօրինակ է, որ անձնական որոշմամբ հեռանում է միաժամանակ երկու պաշտոնյա, ինչը նշանակում է, որ, այնուամենայնիվ, որոշ անհամաձայնություն է եղել վերադասի հետ, եւ կամ հրաժարականը հենց վերեւից է թելադրված: Մանավանդ, որ Գիտպետկոմի արդեն նախկին ղեկավարը Փաշինյանի կողմից վերանշանակված հազվագյուտ պաշտոնյաներից է, որն աշխատել է նաեւ Սերժ Սարգսյանի եւ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ արդեն 12 տարի: Գիտության ֆինանսավորումն իրականացնող կառույցից շատերն էին դժգոհ:
Հարությունյանի հասցեին կոշտ քննադատություն էր հնչում, նրան մեղադրում էին գիտության փողերը վատնելու, յուրայինների աշխատանքները ֆինանսավորելու, իր բարեկամներին, մասնավորապես, որդուն օգնելու մեջ: Որոշ քննադատողների նա կոշտ արձագանքում էր, իսկ, օրինակ, Դանիել Իոաննիսյանի դեմ դատական հայց էր ներկայացրել՝ զրպարտության համար, որը շահել է: Այնպես որ, չի բացառվում, որ բողոքները տեղ են հասել, եւ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը, որը, ի դեպ, Սամվել Հարությունյանի որդու ընկերն է, ըստ չհերքված տվյալների, ի վերջո, որոշել է, որ նա պետք է հեռանա: Սամվել Հարությունյանի ընկերները հակառակ վարկածն են տարածում՝ թե նա հոգնել էր ոչ կոմպետենտ ջահելների հետ լեզու թրջելուց ու, ի վերջո, որոշեց հեռանալ: Մեր տեղեկություններով՝ հրաժարականը կարող է կապ ունենալ Հայաստանի դեմ մի վարույթի հետ, որը սկսվել է միջազգային արբիտրաժային դատարանում: Հայաստանը դեռեւս 2014-2015 թվականներին Բելգիական բանկից 6-7 մլն եվրո վարկ է ստացել, որով ցիկլոտրոն է գնել Ֆիզիկայի ինստիտուտի համար: Սակայն պարտքը վերադարձնելու հետ կապված խնդիրներ են առաջացել: Սփյուռքահայ մի գործարար դեկտեմբերին Հայաստանի դեմ հայց է ներկայացրել միջազգային արբիտրաժ: Ի դեպ, ցիկլոտրոնը, որը բժշկական իզոտոպների արտադրության կենտրոնի տրամադրության տակ էր, կենտրոնի լուծարման մասին որոշումից հետո դրվել էր աճուրդի: Այն ժամանակ առողջապահության նախարարը Լեւոն Ալթունյանն էր: Սակայն գնորդ չի հայտնվել: Ցիկլոտրոնը տարել են Ֆիզիկայի ինստիտուտ: Սա հենց այն ցիկլոտրոնն է, որի վերաբերյալ Փաշինյանը հուլիսին, կառավարության նիստերից մեկում, հիացական բացականչություն արեց՝ ասելով, որ ցիկլոտրոնը, որը 10 տարի չէր աշխատում, սկսել է աշխատել: Սամվել Հարությունյանը հերքեց, որ իր հրաժարականը կապված է ցիկլոտրոնի պատմության հետ: Նրան մի քանի հարց տվեցինք:
– Պարոն Հարությունյան, այնուամենայնիվ, ինչո՞ւ հանկարծ որոշեցիք հեռանալ:
– Նախարարի հետ խոսել ենք դեռ նոյեմբեր ամսին: Ես նրան ասել եմ, որ արդեն 12 տարին լրանում է, ինչ ես այս պաշտոնին եմ, հարկավոր է մտածել նոր, ջահել մարդկանց բերելու մասին: Կոմիտեին ահռելի աշխատանք է սպասվում, դրա համար ամբիցիոզ, էներգիայով լեցուն ջահել մարդ է պետք բերել: Մենք նրան նույնիսկ կոմիտեի պոտենցիալ նախագահի մի քանի անուններ ենք հուշել:
– Ի՞նչ անուններ, եթե գաղտնիք չէ:
– Ես անուններ չեմ տա: Լուրջ երիտասարդներ են, գրագետ, պատրաստված:
– Իսկ նախարարն ի՞նչ ասաց, համաձա՞յն էր, որ գնաք:
– Կարեւորը մեր որոշումն է: Իսկ նախարարի հետ մենք ստրատեգիական հարցերում միակարծիք էինք, տակտիկական հարցերում որոշակի տարաձայնություններ ունեցել ենք:
– Օրինա՞կ:
– Դե, ասենք, այս կամ այն քայլն անելու ժամկետների հարցերում: Բայց հիմնական ռազմավարության հարցերում համամիտ ենք եղել: Ես ասացի, որ մենք մեծ ենք, մեզ պետք է փոխարինել:
– Ձեր հեռանալուց հետո տարբեր խոսակցություններ կան: Ոմանք ասում են, որ Դուք զզված եք գնում, մյուսները՝ որ Ձեզանից են ազատվել:
– Ամեն ինչ էլ կարող են խոսել, երբ որ մարդն իր գործը թողնում ու գնում է: Խորհուրդ կտայի, որ այլ մարդիկ, ովքեր 10 եւ ավելի տարիներ նստած են գիտական հաստատություններում, տարբեր հիմնարկներում, հետեւեին իմ օրինակին, ջահելներին թող ճանապարհ տան: Անուններ էլի չեմ տալու:
– Այնուամենայնիվ, տարօրինակ է Ձեր որոշումը՝ Ձեր ստեղծած հիմնարկը հանկարծ թողնելու ու հեռանալու:
– Բոլորս էլ ժամանակավոր ենք: Նոր մարդիկ թող գան, աշխատեն, թող սերնդափոխություն լինի: Իսկ ես սիրում եմ աշխատանքս 5-6 տարին մեկ փոխեմ: Այս հիմնարկը ես ստեղծել եմ զրոյից: Այն ժամանակ՝ 2007 թվականին, գիտության մասին ոչ ոք համարյա չէր խոսում, իսկ հիմա տեսեք, թե ինչքան վեճեր ու քննարկումներ կան: Հիմա Գիտության պետական կոմիտեն մեծ կառույց է, ահռելի աշխատանք է արված, բազմաթիվ բարեփոխումներ են իրագործվել: Ավելի քան 40 միջազգային պայմանագրեր ենք կնքել, 100-ից ավելի միջազգային ծրագրեր ենք անում ամենատարբեր պետությունների հետ՝ ԱՄՆ-ից մինչեւ Ռուսաստան ու Բելառուս:
– Առավել եւս այն կառույցը, որը մարդն իր ձեռքերով է ստեղծել զրոյից, այսպես չի թողնում ու հանկարծակի գնում:
– Հիմա նոր սերունդ է ձեւավորվել: Փառք Աստծո, լիքը երիտասարդներ կան, որոնք կարող են մեր գործն անել: Ես արդեն 64 տարեկան եմ:
– Այնքան էլ մեծ չեք: Բայց ի՞նչ եք անելու, ինչո՞վ եք մտադիր զբաղվել:
– Այո, ես կարող եմ ինձ այլ տեղերում դրսեւորել, բուհերում դասախոսել, օրինակ: Ես էնքան հրավերներ ունեմ տարբեր տեղերից, որ… էն էշի պատմությունը գիտե՞ք, որ երկու կողմում խոտ է դրված, չգիտի, թե որ կողմից վերցնի, արդյունքում սովից սատկում է: Ես շատ առաջարկներ ունեմ, տաշած քարը տեղում չի մնում, պետք չէ անհանգստանալ ինձ համար:
– Կներեք, բայց երիտասարդների հոսքն առանց այն էլ շատ է, փորձառուների կարիք կա այսօրվա ապարատում:
– Ես, իհարկե, կշարունակեմ օգնել, եթե իմ կարիքը լինի: Պատրաստ եմ այլ խնդիրներով էլ զբաղվել, եթե անհրաժեշտություն առաջանա, հնարավոր է որեւէ բուհում աշխատեմ, կոնկրետ առաջարկ չեմ ստացել, բայց խոսակցություններ կան:
– Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեզ քննադատողներին: Այս 12 տարիներին գիտնականներն անընդհատ քննադատում էին Ձեզ:
– Իմ դեմ մի 4 մարդ է գրել, իսկ Հայաստանում 7,5 հազար գիտնական կա: Էդ 4 հոգին էլ թող գրեն, ինչքան ուզում են: Դա է՞լ չլիներ:
– Ֆիզիկայի ինստիտուտի ցիկլոտրոնը, որով Նիկոլ Փաշինյանը հիանում էր ոչ հեռու անցյալում՝ ասելով, որ այն վերջապես վերագործարկվեց, վեճի առարկա է միջազգային արբիտրաժում: Հնարավո՞ր է, որ այս պատմությունն է Ձեր հրաժարականի պատճառը:
– Տեղյակ չեմ դրանից: Դա կոմիտեի հետ կապ չունի:
– Այնուամենայնիվ, շատ զարմանալի է, որ Դուք գնում եք հենց հիմա ու գնում եք Ձեր տեղակալի հետ միասին՝ ասելով, թե հոգնել եք:
– Ես չեմ հոգնել, կարող եմ այլ բաներով զբաղվել: Բայց 12 տարին երկար ժամանակ է: Ամեն ինչ պետք է ունենա իր տրամաբանական ավարտը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )