ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը, որին դեմ քվեարկեց խորհրդարանական ընդդիմությունը, իշխող ուժի դահլիճում ներկա գտնվողներից 65 պատգամավոր քվեարկեց կողմ:

Նշենք, որ օրենքը Սահմանադրական էր և պետք է ընդունվեր ձայների առնվազը 3/5-ով: «Իմ քայլը» ֆրակցիայից 18 պատգամավոր, որոնք ներկա չէին քվեարկությանը, իրենց կողմ ձայներն էին թողել ծրարով:

ՀՀ Ազգային ժողովի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ով Բադասյանը նշեց, որ նախատեսվում է «Սահմանադրական դատարանի մասին» 2018թ. հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ մասերով: Մասնավորապես, 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Սահմանադրական դատարանի անդամ նշանակված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից մինչև 2020թ. հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո՝ մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նա ստանում է կենսաթոշակ՝ հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ  հաշվարկված աշխատավարձի չափով:

Արդարադատության նախարարի տեղեկացմամբ՝ նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմից, ինչպես նաև ուսումնասիրվել է միջազգային փորձը:Նախքան քվեարկությունը վարման կարգով ելույթ ունեցան մի շարք պատգամավորներ: Գևորգ Գորգիսյանն իր վարման կարգով ելույթում անդրադարձավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթին: «Պարո՛ն Միրզոյան, Ձեր ելույթից հետո ինձ մոտ հարց առաջացավ՝ ընդհանարապես Դուք ինչպե՞ս եք վերաբերվում բազմակարծությանը: Խոսում եք, որ մենք չենք համարձակվում առուն թռնել, բայց հետո ասում եք, որ դատարանները հո չե՞նք փակելու, պետք է իրավական ճանապարհով լուծենք, բայց երբ կոչ էիք անում դատարանները փակել, մենք առաջինն էինք, որ ասում էինք, այդպես չի կարելի, պետք է գալ իրավական ճանապարհ»,- ասաց Գորգիսյանը:

Նա, շարունակելով խոսքը, ասաց, որ գոնե Արարատ Միրզոյանը գիտի, որ հենց մտքերի բախման և ընդդիմանալու շնորհիվ էր, որ նախնական ճանապարհային քարտեզը, որ ներկայացվել էր ԼՀԿ գրասենյակում քննադատության ենթարկվելու արդյունքում փոփոխվեց, որովհետև եթե իրենք ասեին՝ ամեն ինչ լավ է, հիմա շատերը բանտում կլինեին, և փոփոխություններ չէին լինի: «Այո, մենք տարբեր ենք պարոն Միրզոյան և դա լավ է, ԱԺ-ում չպիտի բոլորը լինեն միանման, պետք է լինեն տեսակով տարբեր և դրանով պետք է ժողովրդավար երկիր կերտել: Մենք դեմ ենք քվեարկելու»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ասաց, որ իրենք ողջունում և խրախուսում են բազմակարծությունը :«Իսկ, թե ինչպիսին այս իշխանությունն այս առումով դժվար չէ գնահատելը, բավական է նայել տեսանյութերը և կտեսնենք՝ ինչ է եղել ու ինչ կա հիմա, այնպես որ, չկա որևէ միտում՝ սահմանափակելու որևէ մեկի կարծիքը, բայց դա չի նշանակում, որ այդ կարծիքը համապատասխանում է այն նպատակներին, որը նաև այս նախագծով ունի «Իմ քայլը» խմբակցությունը: Իսկ նպատակը մեկն է՝ զարգացնել ինստիտուտները, կատարել խորքային բարեփոխումներ և մեր կարծիքով այս քայլը նպաստելու է դրան: «Իմ քայլը» կողմ է քվեարկելու»,- ասաց նա:ԱԺ ԼՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Անի Սամսոնյանն էլ նշեց, որ իշխող մեծամասնությունը չհամոզեց իրենց: «Որքան էլ փորձեցիք միկրոֆոնը ծռել ամբինոի մոտ և քաղաքացիներին նույնը համոզել, ես կարծում եմ, որ նրանց նույնպես չհամոզեցիք: Եվս մեկ անգամ կոչ եմ անում հարգել մեր տարբերությունը. եթե ԼՀԿ-ն տարբեր չլիներ, հիմա չէր ունենա 5 տոկոսանոց ֆրակիցա, այլ կկազմեր «Իմ քայլը» ֆրակցիայի 30 տոկոսը»,- ընդգծեց նա:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )