Գյումրու ԲԿ 29 մեկուսացված բուժաշխատողների կորոնավիրուսն ախտորոշող թեստերը բասացական են եղել
Երեկ Գյումրու բժշկական կենտրոնի 29 մեկուսացված բուժաշխատողները հանձնել են կորոնավիրուսն ախտորոշող թեստեր: Բոլոր թեստերի պատասխանները եղել են բասացական։ Այս մասին հայտնում է Գյումրու բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն։
ԲԿ-ից տեղեկացնում են, որ մեկուսացված բուժանձնակազմը շփում էր ունեցել կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող պացիենտի հետ, որը Մարալիկի բնակիչ էր։
«Գյումրու ԲԿ-ն ընդգրկված չէ կորոնավիրուսային ախտանիշներ ունեցող քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերող հիվանդանոցների ցանկում, սակայն, ԲԿ-ում իրականացվում են վարակի տարածումը կանխարգելող կանոնավոր միջոցառումներ: Մասնավորապես, ամեն օր իրականացվում են ախտահանումներ, բուժանձնակազմը և այցելուները պարտադիր ջերմաչափվում են, անհրաժեշտության դեպքում տրամադրվում են ձեռնոցներ, դիմակներ և ախտահանիչ նյութեր»,- ասվում է Գյումրու ԲԿ-ի տարածած հայտարարությունում։
Նաև նշվում է, որ հիվանդանոցի ընդունարանում իրականացվել են համապատասխան նշումներ, որոնք ապահովում են այցելուի և աշխատակցի սոցիալական հեռավորությունը: Գյումրու ԲԿ-ում ստեղծված են սանիտարահիգիենիկ պայմանները, որով կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը հասցվել է նվազագույնի:
Գյումրու ԲԿ ղեկավարությունը խնդրում է պահպանել առողջապահության նախարարության և պարետատան կողմից տրվող ցուցումները՝ համավարակի տարածումը կանխելու համար:
