Ինդոնեզիայում կորոնավիրուսով վարակվածներին կուղարկեն անմարդաբնակ կղզի 09:25 • 05.03.20

Ինդոնեզիայի իշխանությունները մտադիր են կորոնավիրուսով վարակվածների համար հիվանդանոց և կարանտինային կենտրոն կառուցել անմարդաբնակ կղզում, գրում է Bloomberg գործակալությունը:

Ըստ հաղորդման՝ կորոնավիրուսով վարակվածների համար հիվանդանոցը նախատեսում են կառուցել Գալանգ փոքրիկ անմարդաբնակ կղզում:
Հաղորդվում է, որ այն կկառուցվի բանակի օգնությամբ և կլինի Առողջապահության, հասարակական աշխատանքների և բնակարանային շինարարության նախարարության հսկողության ներքո: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նախարար Բասուկի Հադիմուլջոնոնոն՝ հավելելով, որ այնտեղ ավելի հեշտ կլինի հասնել, քան Ջակարտայի մոտ գտնվող Սեբարու կղզի, որտեղ ներկայում կարանտինային հսկողության տակ է գտնվում 250 մարդ:

Գալանգում 1976-1996 թվականներին բնակություն են հաստատել վիետնամցի փախստականներ: Կղզին տեղակայված է միջազգային օդանավակայանից մոտ 50 կմ հեռավորության վրա՝ հարևան Բատամ կղզում:
Հարավարևելյան Ասիայի խոշորագույն երկրի իշխանությունները մարտի 2-ին հաստատել են երկրում հիվանդության առաջին երկու դեպքը:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Ներկա պահին Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպքերը հատել են 3000-ի շեմը. բուժվել է ավելի քան 52 000 մարդ: Վարակակիրների թիվն անցել է 80 հազարը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )