100 տարեկանում մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Պերես դե Կուելյարը
Մարտի 4-ին 100 տարեկանում մահացել է պերուացի դիվանագետ, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Պերես դե Կուելյարը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Andina գործակալությանը:
«Հայրիկը մահացել է այսօր երեկոյան, մի քանի ծանր շաբաթներից հետո»,-գործակալությանը տեղեկացրել է նրա որդին` Ֆրանսիսկո Պերես դե Կուելյարը:
Պերես դե Կուելյարը ծնվել է 1920 թվականի հունվարի 19-ին: Իրավաբանական կրթություն է ստացել Լիմայի Կաթոլիկ համալսարանում, 1940 թվականից զբաղվել է դիվանագիտական ծառայությամբ:ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 1982-1991 թվականներին: Այս պաշտոնում նա նպաստել է Ֆոլկլենդյան կղզիների շուրջ ծավալված անգլո-արգենտինյան հակամարտության կարգավորմանը, Գայանայի և Վենեսուելայի միջև սահմանային վեճերի կարգավորմանը, Նամիբիայում ստեղծված իրավիճակի, իրանա-իրաքյան հարաբերությունների կարգավորմանը, Մարոկկոյի կառավարական ուժերի և Արևմտյան Սահարայում Պոլիսարիոյի ճակատի միջև հրադադարի հաստատմանը:
1995 թվականին Պերուի նախագահական ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու, սակայն պարտվել է ընտրություններում` ստանալով 22% ձայն:
Իր գործունեության ընթացքում արժանացել է մոտ 25 երկրի մրցանակների:
Մահացածի ընտանիքին իր ցավակցություններն է հայտնել ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
