Զորավարժություններից խուսափողների տուգանքի չափը բարձրացվեց
ՀՀ ԱԺ-ն, մարտի 4-ի իր նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով, մասնավորապես, առաջարկվում է զինվորական վարժանքներից և զորավարժություններից խուսափելու համար տուգանքի չափը բարձրացնել` 20 հազար դրամից դարձնելով 30 հազար դրամ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Նշենք, որ ներկայացված նախագծով սահմանվում է, որ պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացու կողմից օրենքով սահմանված կարգով հայտարարված զինվորական վարժանքներից կամ զորավարժություններից խուսափելը, որը կատարվել է զինվորական կոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինվորական կոմիսարիատ կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների անցկացման վայր չներկայանալու ձեւով, առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Նախագիծն ընդունվեց 114 կողմ ձայներով:
