Քննարկվում է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը
ՀՀ ԱԺ-ն իր այսօրվա նիստում քննարկում է կառավարության կողմից ներկայացված Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը, ըստ էության, թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ըստ նախագծի նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը, նախագծով նախատեսված էական ծավալներով, չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Այդպիսի գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է հերքվել պատասխանողի կողմից գույքի ձեռքբերումը հիմնավորվող ապացույցների ներկայացմամբ։ Օրենքի նախագծով ներմուծվում է չհիմնավորվող հաստության բռնագանձման մեխանիզմ, որը տարբեր դսրևորումներով առկա է Իտալիայում, Իռլանդիայում, Ավստրալիայում, Միացյալ Թագավորությունում և այլուր: Նա վստահեցրեց՝ նախագիծը նպատակ է հետապնդում որդեգրել միջազգային պայմանագրերով և միջազգային կառույցների խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները՝ հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարի ոլորտում: Նախատեսվում են նաեւ իրավասու մարմնի գործունեության և քաղաքացիական դատավարության ընթացակարգային նոր կանոններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը: Իրավասու մարմինը կգործի Գլխավոր դատախազության կազմում: Իսկ իրականացված գործառույթները կհանդիսանան պետական շահերի պաշտպանության հայցի ներկայացման դրսևորում: Ուսումնասիրության համար հիմք կհանդիսանան որոշակի ազդակներ։
