Հանրաքվեն կարելի է հետաձգել ավելի պատեհ ժամանակի
Կորոնավիրուսի դեպքի արձանագրումը Հայաստանում, ինչպես մամուլում հումորով ասվել էր, կարող է փրկել Հրայր Թովմասյանին եւ ՍԴ՝ թիրախում հայտնված մյուս դատավորներին։ Պատահական չէ, որ այսօր արդեն հայտնի դարձավ մամուլի հրապարակումներից, որ Նիկոլ Փաշինյանը իրավաբանների խմբին հանձնարարել է ուսումնասիրել, թե ինչպես կարելի է «դեմքը փրկած» դուրս գալ իրավիճակից, եւ հետաձգել հանրաքվեն։ Երեսնամյա քաղաքական գործունեության փորձ ունեցող Փաշինյանը հասկանում է, որ գարնանային սեզոնին հանրաքվե դնելը սխալ էր։ Նախ, որովհետեւ սա գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի սեզոնն է, ու հատկապես Երեւանից դուրս՝ գյուղերում, մարդիկ իրենց ամենօրյա դարդ ու ցավին են, ու հողի մշակի համար մեծ հաշվով մեկ է լինելու հանրաքվեն։ Բացի այդ, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանից ամեն տարի տասնյակ հազարավոր քաղաքացիներ մեկնում են սեզոնային արտագնա աշխատանքի։ Այդ մարդիկ եւս այսպես ասած, որպես քվեարկողներ կարող են պետք չգալ իշխանությանը, քանի որ մարդու համար իր աշխատանքը, ընտանիքը, մի քանի կոպեկ աշխատելը ինչպես ժողովուրդն է ասում՝ խոպանում ավելի կարեւոր է ։ Եվ երրորդ պատճառը թերեւս կորոնավիրուսի՝ Հայաստան ներթափանցումն է։ Ճիշտ է առայժմ խուճապային տրամադրությունները դեռ նկատելի չեն ծավալուն կերպով, սակայն չկա երաշխիք, որ չեն ծավալվի ու այդ դեպքում շատ հնարավոր է, որ մարդիկ պարզապես տանից դուրս չգան ու չգնան հանրաքվեի քվեարկությանը։ Աշունը կամ նույնիսկ տարեվերջը ավելի հարմար ժամանակ է նման զանգվածային միջոցառում իրականացնելու համար, հատկապես էլ, որ ֆինանսական տարին ավարտված կլինի կամ ավարտին մոտ ու հետընտրական կամ հետ-քվերակությանը հատուկ քաղաքական վայրիվերումների ազդեցությունը տնտեսության վրա քիչ կլինի։
