Սերժ Սարգսյանի կալանավորումը կլինի քարոզարշավի մեխը․ աղմկոտ ձերբակալությունները կշարունակվեն

Ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզարշավը մեկ շաբաթից ավել ժամանակ է ինչ սկսվել է։ Բոլորի համար էր պարզ, որ իշխանությունները քարոզարշավը վարելու են արդեն դասական դարձած սևերի և սպիտակների բաժանումների սցենարով։ Դեռ քարոզարշավը սկսելուց օրեր առաջ տարբեր փորձագիտական շրջանակներ նկատել էին, որ իշխանությունները կրկին կփորձեն հնչեղ ձերբակալություններով և քրեական գործերով հանրության մոտ հուզականության ֆոնը բարձրացնել։
Երեկ իշխանությունները ազդարարեցին հնչեղ գործերի նոր «եթերաշրջանի» սկիզբը։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով:
Նույն օրը հայտնի դարձավ, որ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում սկսված և իրականացվող նախաքննությամբ որոշում է կայացվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 315․2 հոդվածով նախատեսված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավվելու մասին և նրան առաջադրվել է համապատասխան մեղադրանք:
Մարտի 2-ին հայտնի դարձավ նաև, որ «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի նախկին տնօրեն Արա Վարդանյանի ազատ արձակվելու որոշման դեմ ՀՀ դատախազությունը Վճռաբեկ բողոք է ներկայացվել։ Այս լուրը NEWS.am-ին հաստատել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։
Իշխանություները հանրաքվեին նվիրված ձերբակալությունների «եթերաշրջանը» սկսում են միանգամից երեք հնչեղ գործով և բնական է, որ չեն պատասրտվում այսքանով բավարարվել։ Հաջորդ գործերն առավել հնչեղ պետք է լինեն և որքան մոտենա հանրաքվեի օրը այնքան աղմուկը մեծանալու է։
Իշխանությունների համար ամենահարմար քարոզչական քայլը լինելու է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կալանավորման փորձը։ Սա իշխանությունների զինանոցի ամենածանր զենքն է այս պահի դրությամբ։ Իշխանությունները այս օրերին քննարկում են, որ Սերժ Սարգսյանի հնարավոր կալանավորման փորձը ցանկացած դեպքում օգտակար կլինի քարոզարշավի համար։ Եթե դատարանը մերժի կալանավորման միջնորդությունը՝ կհայտարարեն, որ հենց նման իրավիճակները բացառելու համար է պետք քվերակել «ԱՅՈ», իսկ եթե դատարանը բավարարի կալանավորումը՝ կփորձեն դրա վրա արթնացնել հասարակական էյֆորիան։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )