Նույնիսկ Մերկելի խոսքն աղավաղեցին հանուն Նիկոլի քմահաճույքի
Ցանկացած երկրի աշխատանքային օրենսդրության մեջ ու նաեւ չգրված աշխատանքային բարեվարքության կանոնների մեջ արձանագրված է, որ աշխատակիցը պետք է լինի բարեխիղճ։ Սա կանոն է, որ հատկապես կարեւորվում է այսօրվա մանիպուլյացիաների դարում։ Անգելա Մերկելի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ, կանցլեր Մերկելի ելույթի հայերեն աղավաղված թարգմանությունը նախ հանցանք է, որովհետեւ չունես իրավունք օտար պետության ղեկավարի խոսքը աղավաղված թարգմանելու, իմաստը փոխելու, եւ ապա նաեւ աշխատանքային անբարեխղճության փայլուն օրինակ է։ Սա ցույց է տալիս նաեւ, որ գործող իշխանությունների մոտ գրագիտության վիճակը ողբալի է։ Հետաքրքրական է, թե այս ամենին ինչպես կարձագանքի պաշտոնական Բեռլինը կամ Երեւանում գտնվող գերմանական դեսպանատունը։ Ի վերջո աղավաղվել է իրենց պետության ղեկավարի խոսքը, հանուն մի բանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՍԴ-ն ոչնչացնելու մտասեւեռման։ Եթե անկեղծանանք, ապա, այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե Հայաստանում չլիներ, իսկ քանի որ այս ամենն Հայաստանում է, ապա ավելի ողբերգական վիճակ դժվար է պատկերացնել։
