Ինչո՞վ են Արթուր Դավթյանն ու Տիգրան Մուկուչյանն ավելի հեղափոխական, քան Հրայր Թովմասյանը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանից հետաքրքրվեցինք՝ արժե՞ր, արդյոք, 3 մլրդ դրամ ծախսել պետբյուջեից՝ Սահմանադրության մեջ ընդամենը մեկ հոդված փոխելու եւ մեկ մարդուց ազատվելու նպատակով։ Մենք այդքան հարո՞ւստ պետություն ենք, որ մեկ անձից ազատվելու համար այդքան շռայլ ծախսերի գնանք։
«Բայց մենք մեկ անձից չենք ազատվում, ժողովուրդը Սահմանադրությունն է փոխելու կամ չի փոխելու։ Սա սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է, մենք Սահմանադրության մեջ դրույթ ենք փոխում»,-ասաց Պապոյանը։
– Բայց ընդամենը մեկ դրույթ եք փոխում, ժողովրդին հարցրե՞լ եք, ուզո՞ւմ է, որ իր հարկերից մոտ 3 մլրդ տան ընդամենը մեկ տող փոխելու համար, որից ինքը տեղյակ էլ չէ։
– Ես կարծում եմ, որ ժողովուրդն իր քվեով, ըստ էության, դրա պատասխանը կտա։ Հիմա եկեք ժողովրդի կարծիքի մասին բան չհայտնենք, որովհետեւ դրա վերջնարդյունքը, ըստ էության, կերեւա ապրիլի 5-ի երեկոյան։
– Բայց ժողովուրդը մինչ այդ չգիտեր, չէ՞, որ դուք ուզում եք Սահմանադրության մեջ ինչ-որ դրույթ փոխել, ինքն իր համար հանգիստ ապրում էր, հանկարծ իշխանությունը որոշեց, որ պետք է 3 մլրդ դրամով դրույթ փոխել։
– Սա անակնկալ չէր, եւ, ըստ էության, վերջին հանրային քաղաքական քննարկումները դրան էին տանում, եւ էդ որոշմանն էլ, որ եկել ենք, էդպես չի, որ ուղղակի որոշում է եղել։ Իհարկե, հանրային տրամադրությունները խորապես շոշափվել եւ ուսումնասիրվել են։
– Որտե՞ղ են երեւացել այդ հանրային տրամադրությունները, որտեղի՞ց գիտեք, որ ժողովուրդը պատրաստ է դրա համար իր գրպանից այդքան գումար հատկացնել։
– Սահմանադրական փոփոխությունների պահանջի մասին է խոսքը, գումարի մասին խոսք չի գնում, խոսքը վերաբերում է սահմանադրական փոփոխությունների պահանջի մասին, եւ ես կարծում եմ, որ, կրկնելով նախագահի խոսքը՝ ժողովրդին դիմելու մշակույթը մենք պետք է զարգացնենք։ Եվ ես կարծում եմ, որ ոչ միայն այս հարցում, օրինակ, եթե լինեն հարցեր, որոնք վերաբերում են կոնկրետ տարածաշրջանին, մենք պետք է նաեւ զարգացնենք տեղական հանրաքվեների մշակույթը։ Եվ կարծում եմ՝ ուղղակի ժողովրդավարությունից, ժողովրդի քվեից պետք չէ վախենալ։ Եվ Ձեր նշած տրամաբանությամբ, օրինակ, եթե գումար խնայելու խնդիր է, հիմա պատկերացնո՞ւմ եք, օրինակ, ավելի մեծացնենք էդ ընտրական ժամկետները եւ ասենք՝ դրանով գումար ենք խնայելու։ Չէ, ես դրա հետ համաձայն չեմ։ Որոշ իրավիճակներում, այո, նաեւ կարիք է լինում ժողովրդի անմիջական մասնակցությամբ կարեւորագույն հարցերը որոշելու։
– Իսկ ժողովրդին հարցրե՞լ եք, ինքն ուզում է ազատվել, օրինակ, դատախազ Արթուր Դավթյանից կամ Տիգրան Մուկուչյանից, որին մեղադրում են ընտրակեղծարարության մեջ։
– Դրանք սահմանադրական հանրաքվեի շրջանակներում չլուծվող հարցեր են։ Դրանք հարցեր են, որոնք լուծվում են օրենքներով, կառավարության որոշումներով։
– Շատ լավ, իսկ ժողովրդին հարցրե՞լ եք, ժողովուրդն ուզո՞ւմ է ազատվել այդ պաշտոնյաներից։
– Տեսեք, այնուամենայնիվ, էդպիսի գնահատականներ չեմ լսել ինչ որ, օրինակ, լսել եմ Հրայր Թովմասյանի հետ կապված։
– Ինչո՞վ են, օրինակ, Արթուր Դավթյանն ու Տիգրան Մուկուչյանն ավելի հեղափոխական կերպարներ, քան Հրայր Թովմասյանը։
– Որեւէ կերպ չէ, ես էդ մասով չեմ կարող ասել, այսինքն՝ ակնհայտ է, որ որպես անձ, իհարկե, ոչ։ Բայց էստեղ խնդիրը եւ հասարակական ընկալումները, իմ կարծիքով, այս դեպքում ավելի էսպես․․․ բայց ես չեմ ուզում մտնել անձերի դաշտ։ Էստեղ խնդիրը այդ 7 անձի կամ 1 անձի մեջ չէ։ Խնդիրը հետեւյալն է, կա մի հարց, որը քաղաքական մակարդակում շատ ակտիվորեն քննարկվում է, եւ չկար էդտեղ միասնական մոտեցում, դիրքորոշում, եւ, միեւնույն ժամանակ, ժողովորդի մեջ կա նաեւ այդպիսի հարցադրում, եւ, իմ կարծիքով, լավագույն որոշումն է կայացվել՝ թող ժողովուրդը որոշի։ Եվ պետք չէ վախենալ ե՛ւ ժողովրդի «այո»-ից, ե՛ւ ժողովրդի «ոչ»-ից։ Ժողովուրդը միշտ իր հավաքական կերպարով ճիշտ է։
– Հենց դա էի հարցնում՝ ժողովրդին հարցրե՞լ եք, ինքն ուզո՞ւմ է մի քանի միլիարդ ծախսել, որ այդ հարցը հենց այդ գնով լուծվի, ոչ թե այլ տարբերակով։
– Այլ տարբերակ դա չունի լուծման, ես դա նշեցի։ Դատական իշխանության վերաբերյալ դրույթը պետք է փոխվի։
– Ես ժողովրդի ներկայացուցիչն եմ եւ ափսոսում եմ իմ վճարած հարկերը, որոնք պետք է ծախսվեն այս հանրաքվեի վրա։ Ես՝ որպես ժողովուրդ, մտածում եմ, որ այդ գումարով կարելի էր թոշակ ու աշխատավարձ բարձրացնել, տնտեսության մեջ ներդնել։
– Սա էլ է կարծիք, իհարկե։ Օրինակ՝ այս տարի սոցիալական ոլորտում 2020 թ․ պետական բյուջեով 80 մլրդ դրամ ավելի է նախատեսված, քան 2019-ին։ Մարդիկ էլ կան, որ ասում են՝ սոցիալականը չպետք է բարձրացնեիք, այլ ուղղեիք ենթակառուցվածքների զարգացմանը։ Մոտեցումները տարբեր են։
– Ես մարզից եմ եւ կարծում եմ՝ իմ կյանքը շատ ավելի անվտանգ ու հարմարավետ կդառնար, եթե այդ 3 մլրդ-ով Երեւան-Սեւան մայրուղին կահավորվեր լույսերով, նորմալ ասֆալտով, կողային արգելապատնեշներով, այլ ոչ թե ուղղվեր մի մարդուց ազատվելուն, որին երբեւէ առիթ չեմ ունեցել դիմելու՝ որպես ՍԴ նախագահի։ Հիմա ինչո՞ւ իմ կարծիքը չեք հարցրել։
– Ձեր կարծիքը Դուք կարող եք հանրաքվեի ժամանակ ասել, Դուք եւ բոլոր ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներն ունեն այդ հնարավորությունը։ Մյուս կողմից էլ՝ մենք նույն ճանապարհների վրա լուրջ ներդրումներ ենք անում, էս տարի էլ ենք անելու, եւ Դուք դա տեսնում եք։ Եթե Դուք հարցնեք մարդկանց, թե ինչն է առաջնահերթ, կարող է լինել 3 մլն առաջնահերթություն, եւ այդ 3 միլիոնն էլ լինել ճշմարիտ։ Եվ մենք պետք է էստեղ էլ որոշակի առաջնահերթություններ սահմանենք։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )