ՀՀԿ-ի օրոք հիվանդացած դատական համակարգի առողջացման պրոցես ենք սկսում
Հրայր Թովմասյանին եւ ՍԴ մյուս դատավորներին տուն ճանապարհելու հարցն էժան չի նստելու ՀՀ քաղաքացիների վրա: Չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն օրերս հայտարարեց, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի համար կծախսվի գրեթե այնքան գումար, որքան 2018թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ, այսինքն՝ մոտ 2.7 մլրդ դրամ էր ծախսվել, այդուհանդերձ, այլ հաշվարկներով՝ այդ ծախսն ավելի մեծ է:
Օրինակ, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի տեղեկություններով, մոտ 3.5 միլիարդ դրամի մասին է խոսքը: Մարուքյանի կարծիքով՝ պարզապես անթույլատրելի է «իրավական բեսպրեդելի» համար հարկատուների հաշվին այդքան գումար ծախսել: Հատկապես, որ ընթացքի մեջ է սահմանադրական փոփոխությունների մեկ այլ գործընթաց, եւ ամիսներ հետո նոր հանրաքվե է իրականացվելու:
Ընդդիմախոսների այլ շրջանակներ էլ հիշեցնում են, որ այդ գումարներով կարելի է պատերազմական երկրի բանակի զինանոցը հարստացնել կամ ուղղել աղետի գոտու բարեկարգմանը:
Եվ առհասարակ, որքա՞ն կարելի է ժողովրդի անվան տակ մսխել պետական բյուջեն: «Իմ քայլի» պատգամավոր Հրաչ Հակոբյանի կարծիքով, այդ մասին խոսողները չեն հասկանում, որ խոսքը Հրայր Թովմասյանի եւ մյուս դատավորների «թանկության» հարցը չէ: Ավելին, իշխանական պատգամավորի համոզմամբ՝ հանրաքվեի համար ծախսվող գումարը նույնքան կարեւոր է, որքան զենքի ձեռքբերումը.
«Ընդունեք, որ սա կարեւոր վիրահատություն է, որը պետք է արվի դատական համակարգի առողջացման պրոցեսի համար, ուստի ինչպես բոլոր վիրահատությունները, այս վիրահատությունը եւս գին ունի: Այնպես որ, եկեք հարցը դիտարկենք հենց այս կոնտեքստում: Թե չէ մեր ընդդիմախոսները նույն քննադատություններն էին հնչեցնում, երբ քաղաքապետարանը տոնածառ էր դնում Հանրապետության հրապարակում, կամ այլ հարցերում: Ես վստահ եմ, որ մենք որտեղ ուզենանք գումար ծախսենք, ասելու են, թե ճիշտ կլիներ՝ այդ գումարը մեկ ուրիշ տեղ ծախսել»: Ինչո՞ւ չսպասել մի քանի ամիս եւ սահմանադրական փոփոխությունները մեկ օրում եւ մեկ փաթեթով անել, որի արդյունքում նաեւ կխնայեին միջոցներ, չէ որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը շուտով կսկսի աշխատել, եւ մոտ մեկ տարուց նախագիծը պատրաստ կլինի։ «Պատկերացրեք․ հիվանդ օրգանիզմի մեջ բերես, առողջ օրգան տեղադրես, մենք փորձում ենք նոր Սահմանադրություն բերել, բայց բերենք այս անվստահության մթնոլորտո՞ւմ, դրա համար նախ օրգանիզմը պիտի առողջացնենք»:
Հակոբյանի կարծիքով, ՀՀ քաղաքացիներն իրենց չեն կարող մեղադրել ոչ նպատակային ծախս անելու հարցում, հատկապես որ «թոշակները բարձրացրել ենք, աշխատավարձերը բարձրացրել ենք, բանակի ուտելիքի հարցը լուծել ենք, զենք առել ենք, ասֆալտապատել ենք, այնքան բան ենք արել, որ 10 տարվա ընթացքում ՀՀԿ-ի իշխանության օրոք չեն արել: Հիմա ՀՀԿ-ի օրոք հիվանդացած դատական համակարգի առողջացման պրոցես ենք սկսում»:
Իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Նիկոլայ Բաղդասարյանն էլ զարմանում է․ «Ի՞նչ գիտեք՝ հաջորդ սահմանադրական փոփոխությունը երբ է լինելու, որ սպասեինք երկուսը մեկում անել: Մենք չենք կարող ասել՝ որքան կձգվեն այդ փոփոխությունները, իսկ դուք գիտե՞ք, որ մի քանի ամիս հետո պատրաստ կլինի այդ նախագիծը։ Ես վստահ չեմ»:
Իսկ ՍԴ-ի դեպքում, Բաղդասարյանի խոսքով, սպասել չեն կարող։ Ինչո՞ւ, դրանի՞ց են կախված Հայաստանում ներդրումների հոսքը, տնտեսական բարեփոխումները, մարդկանց լավ ապրելու հարցը (նման պնդումներ էին անում 2018-ի ընտրություններից առաջ)։ «Լավ, էլի, գոնե դա մի ասեք, ախր, դա ի՞նչ կապ ունի»։ Բաղդասարյանի կարծիքով, Սահմանադրությունն է հանրաքվեի իրավունք տալիս. «Իսկ նպատակն արդարացված լինել կամ չլինելը պայմանավորված է հանրաքվեի արդյունքներով: Եթե մենք հանրաքվեի արդյունքում չհավաքենք համապատասխան քվե, կստացվի, որ աննպատակ է եղել, բայց մինչեւ հանրաքվեն ասել, որ ծախսն արդարացված չէ, ճիշտ չեմ համարում: Հարգելիս, պետք չի տապալել Հայաստանում ժողովրդավարությունը»։
Մեր հակադարձմանը, թե իշխանությունն է տապալում՝ այս գործընթացն ի սկզբանե հակաօրինական ուղիով տանելով, Բաղդասարյանը չհամաձայնեց: Հովիկ Աղազարյանն էլ արդարացված է համարում այդ ծախսը, քանզի այն հեղափոխությունը դարձնելու է ամբողջական:
