Մի իրի պատմություն. կեղծամ
Կեղծամների մասին առաջին վկայությունները պատկանում են մոտավորապես մ.թ.ա. |||֊ հազարամյակին։ Կեղծամներ կրելը նորաձև էր հին եգիպտացիների մոտ։ Փարավոնների ժամանակ նույնիսկ կային հատուկ մարդիկ, որոնց պարտականությունների մեջ էր մտնում կեղծամների պատրաստմանը հետևելը: Ճոխ սանրվածքները պարտադիր էին յուրաքանչյուր տոնական միջոցառումների ժամանակ։ Ի դեպ, կանացի կեղծամները ավելի հասարակ և համեստ էին, քան` տղամարդկանցը։
Ժամանակին զուգընթաց` կեղծամների պատրաստման տեխնիկան զարգանում էր։ Մեղրամոմի օգնությամբ սովորեցին ստեղծել արհեստական խոպոպներ։ Օրինակ` հնագետների կողմից հայտնաբերված կեղծամը, որը թվագրվում է մ.թ.ա. 1-ին հազարամյակին, իրենից ներկայացնում էր բազմաթիվ խոպոպներ և մի քանի երկար հյուսքեր։
Մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսին այդ արհեստական գանգուրների նորաձևությունը ընդգրկեց Միջերկրածովյան եւ Մերձավոր Արևելքի երկրները: Իրենց շքեղությամբ նրանք չէին զիջում եգիպտական փարավոնների կեղծամներին: Կեղծամներ կրում էին նաև Հին Հունաստանում: Հաճախ կեղծամները օգտագործում էին թատերական ներկայացումներում, ընդ որում դրական կերպարների համար ընտրում էին բաց գույնը, չարագործների համար` մուգը, շիկակարմիր կեղծամ հիմնականում կրում էին զավեշտակատարները:
Հռոմեական կայսրության օրոք կեղծամները նորաձև էին հատկապես կանանց շրջանում: Ամենաթանկը համարվում էին սպիտակ մազերը, բարձր էին գնահատվում նաև շիկակարմիր և ծղոտագույն կեղծամները: Լավագույն սև կեղծամներ համարվում էին հնդկականը:
Միջնադարում եվրոպական երկրներում կեղծամներ կրելը ընդունված չէր։ Ավելին, տղամարդիկ նույնիսկ երկար մազերը չէին պահում։ Միապետների շնորհիվ սկսվեց կեղծամների զարգացման պատմության նոր փուլը: Օրինակ` 16-րդ դարում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթը իր ճերմակող մազերը թաքցնելու համար սկսեց կեղծամներ կրել։ Նա իր տրամադրության տակ ուներ մոտ 80 կեղծամ: Բացի այդ, արհեստական մազերի շնորհիվ Լյուդովիկոս XIV-ը թաքցրել էր իր ցանցառ մազերը:
Առավոտյան, որպես կանոն, կրում էին մուգ կեղծամներ, իսկ կեսօրին `շագանակագույն, երեկոները` դուրս գալու համար` ճերմակ: Այսպիսով, նշանավոր տիկինը կամ տղամարդը պետք է ունենար առնվազն երեք կեղծամ: Դրանք բավականին թանկ էին, ուստի աղքատ մարդիկ կեղծամներ պատրաստում էին ոչ թե մազից, այլ` ձիու պոչից և կենդանիների բրդից:
Ռուսաստանում կեղծամների պատմությունը սկսվում է Պետրոս Առաջինից: Հենց նա առաջինը սկսեց արհեստական մազեր կրել: Նորաձևություն դուր եկավ կանանց, սակայն հոգևոր դասը կտրականապես մերժեց այն: Ինքը`Պետրոս Մեծը, կրում էր կարճ կեղծամ, որի տակից հաճախ երևում էին երկար մազերը: Կեղծամն արժեր ընդամենը 5 ռուբլի, և այդ ժամանակների համար շատ էժան էր համարվում: 1722 թ. արշավանքի ժամանակ Պետրոսը կտրում է իր մազերը և հրամայում դրանցից կեղծամ պատրաստել:
Տարբեր ժամանակներում կեղծամների պատրաստման համար օգտագործում էին կտավատ, եգիպտացորեն, ջրիմուռներ, ակրիլ, նեյլոն, վինիլ և այլ նյութեր: Այսօր նորաձև են բնական մազերից կեղծամները: Դրանք բավականին թանկ են: Արհեստական կեղծամները շատ ավելի էժան են և ունեն մի շարք առավելություններ: Այդպիսի կեղծամները ավելի հեշտ է խնամել, լվանալ, սանրել և այլն: Արհեստական կեղծամները ավելի շատ սազում են ակտիվ մարդկանց և մարզիկներին: Սակայն, արտաքին տեսքով նրանք չեն կարող համեմատվել բնական մազերից կեղծամների հետ, որոնք մնում են աննկատելի և բնական տեսք են ունենում:
