Իսրայելը և Լիբանանը համաձայնել են 10-օրյա հրադադարի․ հայտարարել է Թրամփը
Իսրայելը և Լիբանանը պայմանավորվել են դադարեցնել կրակը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ ինքը հեռախոսազրույցներ է ունեցել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ «Երկու առաջնորդները համաձայնել են, որ հանուն իրենց երկրների միջև խաղաղության հաստատման՝ նրանք պաշտոնապես կսկսեն 10-օրյա հրադադար՝ ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 17:00-ին (ապրիլի 17-ին, Երևանի ժամանակով 01:00-ին)», – գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնին հանձնարարել է «աշխատել Իսրայելի և Լիբանանի հետ՝ կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ»։ Ամերիկյան առաջնորդի կարծիքով՝ իր գործունեությունը նպաստել է աշխարհում արդեն «ինը պատերազմների» ավարտին։ Իսրայելի և Լիբանանի միջև մարտական գործողությունների դադարեցումը, ըստ ԱՄՆ նախագահի, կդառնա նմանօրինակ տասներորդ ձեռքբերումը. 5֊րդ ալիք
