Մնացկանյանն ու Մամեդյարովը էլի կհանդիպեն՝ ամփոփելու համար տարվա ընթացքում արած «ոչինչը»

Տարին կամաց-կամաց արդեն մոտենում է իր եզրագծին եւ քաղաքական-դիվանագիտական հարթակներում սկսում են դանդաղորեն ամփոփումներին ձեռնամուխ լինել։ Երեկ հայտնի դարձավ, որ ամենայն հավանականությամբ այս տարվա մեջ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն դեկտեմբերին՝ Սլովակիայում։ Հասկանալի է, որ այն կլինի տարեկան ամփոփիչ հանդիպումը։ Հանդիպում, որը երեւի թե կարձանագրի տարվա ընթացքում Ղարաբաղյան կարգավորման հարցով ունեցած ձեռքբերումները, եթե դրանք իհարկե կան։ Իսկ իրականում, գրեթե ոչ մի ձեռքբերում էլ չկա։ Տարվա մեջ եղան իհարկե հանդիպումներ, որոնք զուտ հանդիպում էին հանդիպելու համար, որպեսզի ցույց տրվեր, որ ամեն դեպքում բանակցային գործընթացը կա, առաջ է շարժվում կամ դոփում է տեղում, բայց ամեն դեպքում կա։ Տարվա ընթացքում եւ Երեւանը եւ Բաքուն Ղարաբաղի մասին «սենսացիոն» հայտարարությունների պակաս չունեցան։Մեկ Ստեփանակերտը պետք է մասնակցեր բանակցություններին, մեր Արցախից մինչեւ Սյունիք եւ Երեւան Ադրբեջանի պատմական հայրենիքի մաս կազմեցին, մեկ Արցախն Հայաստան է ու վերջ, մերթ՝ Զանգեզուրը դարձավ խանգարող հանգամանք՝ թյուրքական աշխարհի միավորման համար։ Այս ամենը ցույց է տալիս մի բան․ որքան էլ դիվանագետները աշխատում են իրար կողք կողքի բերել Երեւանին, Բաքվին ու Ստեփանակերտին, սակայն պարզ է, որ գոնե այս սերունդը չի կարողանա լուծել հարցը առանց «վերջին ճակատամարտի»։ Հասկանալի է, որ բոլորն էլ ձգտում են խոսւափել այդ «վերջին ճակատամարտից» ու ձգտում են հեռացնել այն պահը, երբ կլռեն դիվանագետներն ու կսկսեն կրակել թնդանոթները։ Նույնիսկ այս օրերին Բաքվից հնչող կիսապաշտոնական մեկնաբանություններում կա այդ հիասթափությունը, ինչը վտանգավոր է, քանի որ կարող է սադրել կտրուկ շրջադարձերի։
