
Թեպետ կեղծ նպաստառուների մասին հասարակությունը, ստուգող մարմինները, լրատվամիջոցներն ահազանգել են տարիներ շարունակ, սակայն կեղծ նպաստառուն շարունակել է օգտվել պետական աջակցությունից։
Ամենահնչեղ բացահայտումը կատարեց ՀՀ վերաքննիչ պալատը։ 2016 թվականին պալատն ուսումնասիրել էր «Նպաստ» տեղեկատվական համակարգը վարող թվով 38 տարածքային գործակալություններից 20-ի` Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի եւ Վայքի, Սյունիքի մարզի Գորիսի, Սիսիանի, Կապանի եւ Մեղրիի, Շիրակի մարզի Արթիկի, Աշոցքի, Մարալիկի, Ամասիայի եւ Ախուրյանի, Գեղարքունիքի մարզի Գավառի, Սեւանի, Վարդենիսի, Մարտունու եւ Ճամբարակի, Տավուշի մարզի Իջեւանի, Դիլիջանի, Բերդի եւ Նոյեմբերյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների եւ Ջերմուկի սոցիալական աջակցության տարածքային բաժնի կողմից նպաստների նշանակման գործընթացները:
Ընդհանուր առմամբ` Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզպետարանների ենթակայության թվով 20 սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների եւ Ջերմուկի քաղաքային համայնքի ենթակայության Ջերմուկի սոցիալական աջակցության տարածքային բաժնում վերահսկողության արդյունքում հայտնաբերվել էին 539 դեպքով 63 մլն 618 հազար դրամ գումարի չափով տարբեր բնույթի խախտումներ, մասնավորապես՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Նորք» ՏՎԿ կողմից հարակից բազաներով սոցիալական աջակցության տարածքային գործակալության /բաժնի ՍԱՏԳ/Բ/-ներին տրամադրված տեղեկատվության իրացման վերահսկողության արդյունքում հայտնաբերված 283 դեպքերով խախտումների գումարը եղել էր ընդհանուր 29 մլն 652 հազար դրամ, որը տրամադրված տեղեկատվությունը ժամանակին եւ ամբողջությամբ համակարգ չմուտքագրելու եւ սահմանված կարգով նպաստի վճարումը չդադարեցնելու հետեւանք է եղել: Նշված խախտումների մեջ եղել են դեպքեր, որտեղ գործատուի տեղեկանքում աշխատավարձի չափը չի համընկել «Նորք» ՏՎԿ-ի կողմից տրված աշխատավարձի չափի մասին տեղեկատվությանը: Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները` ՍԱՏԳ-ները, հիմք չեն ընդունել «Նորք» ՏՎԿ-ի կողմից տրված տեղեկատվությունը: Այդ մասով արձանագրվել է 28 դեպք 1 մլն 935 հազար դրամ գումարի: Իսկ 1 դեպքում նպաստառուն իր հայտարարության համաձայն չի աշխատել, սակայն «Նորք» ՏՎԿ-ի տեղեկատվության համաձայն աշխատել է «ԻՄԻՋ Մ.Գ» ՍՊԸ-ում եւ ստացել է աշխատավարձ (Գորիսի ՍԱՏԳ):
Պալատի հայտնաբերած խախտումներից մի քանիսը․
Արեւիկում նպաստառուն 2005 թվականից աշխատել էր «Հարավ կովկասյան երկաթուղի» ընկերությունում: Նպաստառու էր եղել 01.03.2005թ-ից: 2015թ-ի երրորդ եռամսյակի միջին ամսական զուտ եկամուտը կազմել էր 164 հազար դրամ, մինչդեռ սոցիալական անձնագրում՝ գործատուի տեղեկանքի համաձայն, եկամուտը մուտքագրվել էր 126 հազար 300 դրամ: Ամսական նպաստի չափը եղել է 43 հազար դրամ: Աշխատավարձի իրական չափը կիրառելու դեպքում նպաստառուն կզրկվեր նպաստ ստանալու իրավունքից: Ավել վճարված գումարը եղել է 173 հազար դրամ:
Վայքի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում նպաստառուն սխալ էր ներկայացրել որդու իրական աշխատավարձի չափը: Համաձայն «Նորք» ՏՎԿ-ի կողմից ներկայացված տեղեկատվության՝ 2015 թվականի միջին ամսական աշխատավարձը կազմել էր 148 հազար 500 դրամ: Մինչդեռ նպաստառուն իր աշխատավայրից ներկայացրել էչ տեղեկանք (նպաստառուն աշխատում է որպես դատական կարգադրիչների ծառայության Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչ), որի համաձայն միջին ամսական աշխատավարձը կազմել էր 102 հազար դրամ, որն էլ հիմք էր ընդունվել Վայքի ՍԱՏԳ-ի կողմից: Ավել վճարված գումարը եղել էր 1 մլն 5 հազար դրամ։
Հայկավանում նպաստառու ընտանիքի անդամներից 2-ը 08.09.2015թ.-ին ձեռք էին բերել Հայկավանում բնակելի տուն եւ 12900քմ վարելահող: Նպաստառուն այդ մասին տեղեկատվություն չէր հաղորդել ՍԱՏԳ-ին, իսկ «Նորք,, ՏՎԿ-ից 2015թ-ի հոկտեմբերին ստացված տեղեկատվության վերաբերյալ «Կ» ծածկագիրը չէր կիրառվել եւ նպաստի վճարումը չէր դադարեցվել: ՍԱՏԳ-ի կողմից տնայց չէր կատարվել, արձանագրություն չէր կազմվել: Հարցը ՍԱԽ-ում չէր քննարկվել: Ավելի վճարված գումարը եղել էր 168 հազար դրամ:
Նախորդ տարիներին այս ու նման բացահայտումները սովորաբար մնում էին միայն թղթի վրա, իսկ կեղծ նպաստառուից պահանջվում էր, ըստ ժամանակացույցի, ավել վճարված գումարը վերադարձնել պետությանը։ Համակարգի աշխատողները սովորաբար ջրից չոր էին դուրս գալիս։ Իսկ վերջին մեկուկես տարում ձերբակալություններն ու կալանավորումները շարունակական են սոցիալական ապահովության ոլորտում, կեղծ նպաստառուների, տարածքային բաժինների աշխատողներին կաշառք տալու մասին դատախազության, ոստիկանության հաղորդագրությունները եւս շարունակվում են։
Մամուլում հրապարակվում են տեղեկություններ, որ նպաստառուն անգամ տեղյակ չի եղել, որ ինքը ընդգրկված է ընտանեկան նպաստ համակարգում եւ ամեն ամիս պետությունից գումար է ստանում։ Այս խայտառակ թնջուկի ստեղծման մտահղացումը վերագրում են սոցիալական ապահովության տարածքային բաժինների աշխատողներին, հենց այս մասով էլ շարունակվում են բացահայտումները։
Այն, որ այս ոլորտը եղել է կոռումպացված, ամենեւին էլ ապացուցելու կարիք չկա․ սակայն գլխավոր խնդիրը կեղծ նպաստառու ձեւակերպվելու ձգտումն է հետաքրքիր։
Նպաստառու ընտանիքը պարբերաբար ունեցել եւ ունի արտոնություններ՝ բուժում պետպատվերի շրջանակում, սոցիալական օգնություն։ Նախադպրոցական, դպրոցական, բուհական համակարգերում այդ ընտանիքների երեխաներն ունեն տարբեր արտոնություններ։ Իհարկե, այս արտոնություններով տարված եւ ամսական կայուն եկամուտ պետությունից ստանալու գայթակղությամբ շատերը կեղծ տարբերակով օգտվել են ընտանեկան նպաստից։
Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը կեղծ նպաստառուների հայտնաբերման վերաբերյալ, մեղմ ասած, ավելի է լարված պահում այս համակարգի աշխատողներին։
Սակայն այս համակարգում կան խնդիրներ, որոնք դժվար թե աշխատողները կարողնանան բացահայտել․ օրինակ՝ երբ ամուսինները փաստաթղթով ամուսնալուծված են, սակայն ապրում են միասին եւ կինը երեխաներին պահելու համար ստանում է ընտանեկան նպաստ, կամ՝ մեկ հասցեում հաշվառված է մեկ անձ, որը ստանում է ընտանեկան նպաստ, սակայն բնակվում է ընտանիքի անդամների հետ եւ բարեկեցիկ կյանքով։
Արդյո՞ք հնարավոր է տունայցերի ժամանակ բացահայտել այս ամենը, եթե կտրականապես տեղեկությունները հերքեն կեղծ նպաստառուները, հարցին տարբեր պատասխաններ կան։
Փորձագետների խոսքով՝ այսպիսի շիլաշփոթ հիմնականում ստեղծվել է Շիրակի եւ Լոռու մարզերում, որտեղ աղքատության ցուցանիշը համեմատաբար բարձր է գրանցվում։
Կեղծ նպաստառուների կողքին կան նաեւ իսկապես կարիքի մեջ հայտնված անապահով ընտանիքներ, որոնք չեն օգտվել եւ չեն օգտվում ընտանեկան նպաստից։ Արդյո՞ք կեղծ նպաստառուներից ազատվելու դեպքում կարիքի մեջ հայտնված անձանց նպաստ հատկացնելու ուղղությամբ քայլեր կանեն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ու կառավարությունը, թե՞ վերջիններիս ցանկությունը կեղծ նպաստառուների բացահայտումից հետո նպաստ համակարգին հատկացվող գումարների կրճատումն է․․․հարցի պատասխանն ակնկալվում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ մինչեւ տարեվերջ ներկայացվող ոլորտի զարգացման ռազմավարությունում։
Անի Մկրտչյան
