4.9% տնտեսական աճը ակնհայտ է, որ հեղափոխական չի կարող լինել. <<Իմ քայլի>> պատգամավոր (տեսանյութ)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը պատասխանել է 2020 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ Tert.am-ի հարցերին: Պատգամավորն ասում է, որ
ակնհայտ է, որ 4.9% տնտեսական աճը հեղափոխական չի կարող լինել, բայց ակնհայտ է նաև, որ բավական պահպանողական ցուցանիշ է։
– Պարո՛ն Մանուկյան, 2020թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ Ձեր պատգամավոր գործընկերները նշում են, որ այն աննախադեպ է, բայց օրինակ՝ Միքայել Մելքումյանը ընդգծեց, որ այնտեղ աննախադեպ ցուցանիշներ չկան, ասաց, որ հեղափոխական ցուցանիշներ կոնկրետ նախագծում չեն երևում և տնտեսական աճի վերաբերյալ 4.9% տնտեսական աճը հեղափական ցուցանի՞շ է:
– Նախ` խոսենք աննախադեպության մասին: Ես հիմա կարող եմ օրինակ բերել ցուցանիշների մասին, որոնք, կարծում եմ, որևէ այլ տարվա նախագծում չեն եղել: Օրինակ՝ ծառայողական ավտոմեքենաները կրճատվելու են, մոտավորապես՝ 150-ով: Հիմնական բեռը, եթե կրճատումներին նայենք, վարչապետի աշխատակազմին է բաժին ընկնում, համենայն դեպս նախագծով այդպես է: Սա բնականո՞ն է, միշտ ակնկալվող գործողությո՞ւն է եղել. կարծում եմ, որ` ոչ: Եթե մենք դիտարկում ենք, օրինակ՝ կրթական և առողջապահական ծախսերի շուրջ ավելի քան 10 տոկոսով աճը, սա էլի կարծում եմ՝ բնականոն չի եղել, որ ամեն տարվա բյուջեի նախագծում մենք տեսնենք նման կարգի ավելի առաջանցիկ աճեր, հատկապես՝ մարդկային կապիտալի առումով: Նույնը, կարող ենք նաև ասել սոցիալական քաղաքականությանը միտված ծախսերի մասով, ինչպիսիք են՝ կենսաթոշակների բարձրացումը: Մյուս հանգամանքը դիտարկենք: Հարկային համահարթեցումը, որը 2020-ի հունվարից 1-ից ուժի մեջ է մտնելու և այլ հավասար պայմաններում բերելու էր բյուջետային եկամուտների վրա որոշակի բացասական ազդեցության, բայց այս հանգամանքով պայմանավորված, ըստ էության, բյուջետային եկամուտները ավելի քան 10 տոկոսով ավելանալու են: Դատողը լինելու է հասարակությունը, որն այս ցուցանիշները տեսնելու է իր վրա որոշակի որակական ազդեցությամբ:
– Նաև ոլորտային աճը. գյուղատնտեսությունը՝ 2.5%, պաշտպանության ծախսերի հետ կապված կարծես, թե խնդրահարույց է:
– Ձեր ասած պաշտպանության ծախսերի խնդրահարույց լինելը կասեմ հետևյալը. եթե ֆորմալ առումով նայում ենք աճի տեմպերին, այո՛, պաշտպանական ծախսերը մյուսների հետ համահունչ չեն աճում: Բայց ակնհայտ է, որ պաշտպանական ծախսերում ունեցել ենք անարդյունավետություններ: Եվ հիմա, երբ արդյունավետությունը որոշակիորեն շտկվում է, դրա արդյունքում մեծ հաշվով մեծանում է, ինչպես հասցեականությունը, այնպես էլ ծախսային արդյունավետությունը, և մենք որոշակի աճ ենք ապահովում, որը նշանակում է, որ այն բազան, որը գնում էր մարդկանց գրպանները, հիմա չի գնալու:
Անդրադառնամ Ձեր մյուս հարցին, որպեսզի անպատասխան չթողնեմ. 4,9%-ը հեղափոխական աճ է, թե՞ ոչ: Ակնհայտ է, որ հեղափոխական չի կարող լինել, այն պարագայում, երբ մենք խոսում ենք մեզ վրա դրված նպատակների մասով: Բայց առնվազն ակնհայտ է, որ բավականաչափ պահպանողական է: Տնտեսական աճի մասին, ամեն մեկս կարող ենք մեր պատկերացումներն ասել, բայց տնտեսական աճի համար կա մեկ կարևոր գործոն, դա պոտենցիալն է:
– Քանի որ իշխանությունները խոսել են այն մասին, որ պետք է մերժել անարդյունավետ ծախսերը, զերծ մնալ որոշակի չարաշահումներից և նաև խնամի-ծանոթ-բարեկամ կապի միջոցով որոշակի տենդերներ շահելուց, կամ առանց մրցույթի մասնակցության որևէ ծրագիր կատարելուց: Կխնդրեմ, որ անդրադառնաք վարչապետի կարգախոսը տարածելուն, ինչի համար 100 հազար դոլլար հատկացվեց «Անտարես» հրատարակչությանը: Սա արդյունավե՞տ ծախս եք համարում:
– Հասկանալի էր, որ Ձեր ողջ հարցազրույցի մեխը, կամ կարևորագույն դիտարկումը Ձեր վերջին հարցն էր, բայց փորձեմ պատասխանել: Ընդհանրապես, եթե մենք դիտարկում ենք մի քանի գործոններ, մեկ անձից ձեռքբերումները համարվում են ոչ այդքան մրցակցային և արդյունավետ: Այո՛, մեկ անձից ձեռքբերումների մասով պատվիրատուն, որը ծախսում է այդ գումարը, պետք է հավելյալ պարզաբանումներ ներկայացնի, թե ինչով էր պայմանավորված այդ մեկ անձի ընտրությունը սեղմ ժամկետում: Հիմա այդ հարցերի հասցեատերը ակնհայտ է, որ ԱԺ պատգամավորը չէ: Հետևաբար, խնդրում եմ՝ Ձեր հարցի մասով դիմեք համապատասխան մարմնին և եթե Ձեզ այդ պատասխանը գոհացնի, ապա կգոհացնի, եթե՝ ոչ, մենք այս մասով հավելյալ քննարկումներ կիրականացնենք:
Մանրամասները՝ տեսանյութում:
