Ֆիզիկական ակտիվությունը վերականգնում է հոգեվիճակը քովիդի լոքդաունից հետո
Գերմանացի գիտնականները Հեյդելբերգի համալսարանից ապացուցել են, որ ֆիզիկական ակտիվության պարապմունքները կարող են մեղմել մարդու հոգեկան առողջության սոցիալական մեկուսացման հետեւանքները։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Mental Health (NMH) գիտական ամսագրում։
Նոր աշխատանքի համար առիթ է դարձել սոցիալական մեկուսացման եւ միայնության աճող հանրային խնդիրը, որն էլ ավելի խորացավ քովիդի համավարակով։ Միայնությունը համարվում է կյանքից վաղաժամ հեռանալու գլխավոր պատճառներից մեկը, քանի որ դրա էֆեկտը համեմատելի է ճարպակալման, ոգելից խմիչքների չարաշահման կամ օրական 15 ծխախոտ ծխելու հետ։
Հետազոտությանը մասնակցել է 18-28 տարեկան 317 առողջ երիտասարդ, որոնք մեկ շաբաթ դիտարկվել են։ Ավելի ուշ կատարվել է ավելի երկարատեւ փորձ 18-63 տարեկան 30 մարդկանց ընտրանքով, որոնց ուսումնասիրել են վեց ամիս։ Բոլոր կամավորներին ապահովել են ակսելերոմետրերով՝ ֆիզիկական ակտիվության չափման համար։
Գիտնականները հայտնաբերել են, որ չափավոր ֆիզիկական ակտիվության մեկ ժամը, որը համարժեք է ժամում 5 կիոլեմտր արագությամբ քայլքին, կարող է արդյունավետորեն հակազդել միայնության բացասական հետտեւանքներին։ Ֆիզիկական ակտիվության դրական ազդեցությունը տրամադրության վրա մշտապես նկատվել է հետազոտվող երկու խմբերում։
Ուղեղի գործընթացների ուսումնասիրությունը ՄՌՏ-ի օգնությամբ նույնպես ցույց է տվել, որ ֆիզիկական ակտիվության լավագույն արձագանք են ցույց տվել նեյրոկենսաբանորեն միայնության եւ դեպրեսիայի հակված մարդիկ։
«Մեր հետազոտության կարեւոր եզրակացությունն այն է, որ ֆիզիկական ակտիվությունը կարող է միայնության աննպաստ ազդեցության իմաստով ավելի զգալի եւ արդյունավետ լինել ամենօրյա կյանքի հուզական բարեկեցության համար»,- նշել են հետազոտողները։
