«Արհեստական բանականությունը չի թուլացնում մտածողությունը, եթե կրթությունը սովորեցնում է մտածել»
Ուսուցչական ցանկացած ջանք կազմաքանդվում է, երբ աշակերտներին, ուսանողներին խրախուսում են ատելությունն ու թշնամանքը . Կարաբեկյան
Մեր զրուցակիցը բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանն է
-Պարոն Կարաբեկյան, ըստ PISA 2025 միջազգային գնահատման արդյունքների՝ Հայաստանի 15-ամյա աշակերտները ընթերցանության, մաթեմատիկայի և բնագիտության ոլորտներում տարածաշրջանային երկրների շարքում ամենացածր ցուցանիշներն են գրանցել։
Ձեր գնահատմամբ՝ որո՞նք են այս մտահոգիչ արդյունքների հիմնական պատճառները։ Եվ արդյո՞ք այս ամենը նրա ապացույցն է, որ այս արդյունքները պետք է դիտարկել որպես բարեփոխումների անհրաժեշտությունն ու ուղղությունը հաստատող ազդանշան` ինչպես պնդում է կրթության նախարարությունը։
– Այս ամենում կա խնդիրների ևս մի թնջուկ, որը, կարծում եմ, ոչ պակաս, եթե ոչ ավելի կարևոր է: Դրանք արտահամակարգային խնդիրներն են, այն խնդիրները, որոնք ծագում են ոչ թե բուն կրթական համակարգի բովանդակային և կազմակերպական արատներից, այլ այն միջավայրից, որում այն գործում է. խոսքը այն հասարակական ազդակների մասին է, որոնք թափանցում են կրթական համակարգ և սնուցում այդ արատները, այն կողմնորոշիչների մասին է, որոնք «հայտնիները» հղում են աշակերտներին, ուսանողներին՝ խրախուսելով ատելությունը, թշնամանքը, ագրեսիվ վարքագիծը և բառապաշարը, անսկզբունքայնությունը, ցածրաճաշակությունը: Այդ ամենը կազմաքանդում է ուսուցչական ցանկացած ջանք, էութենազրկում ցանկացած չափորոշիչ, զրոյացնում որևէ արժեք:
Սրանք այն գործոններն են, որոնց հուժկու ազդեցության պայմաններում դժվար է ակնկալել որակյալ ուսումնառություն և դասավանդում, հետևապես և ունենալ այն ցուցանիշները, որոնք կարելի կլինի եթե ոչ լավ, ապա հուսադրող համարել:
– Ի՞նչ կարծիք ունեք կրթության ոլորտում ներդրված նոր չափորոշիչների, մասնավորապես՝ ուսուցիչների ատեստավորման համակարգի վերաբերյալ։ Չատեստավորված ուսուցիչը, նույնիսկ տասնյակ տարիների աշխատանքային փորձ ունենալու դեպքում, չի՞ կարող որակյալ ու գրագետ սերունդ կրթել։
– Ես այն համոզմունքն ունեմ, որ բյուրոկրատական ընթացակարգերով (իսկ ատեստավորման գործընթացն իր բնույթով արդեն վարչական ընթացակարգ է, այդպիսին է նաև ի դեպ որպես պաշտոնական փաստաթուղթ հանդես եկող չափորոշիչը) առկա խնդիրներից որևէ մեկը լուծել հնարավոր չէ: Կրթությունը, այդ թվում ֆորմալ կրթությունը, միշտ ունի էական ինֆորմալ բաղադրիչ՝ ընդհանուր միջավայրը, կազմակերպական մշակույթը, հանձնառությունը, առանց որոնց այդ ընթացակարգերը չեն աշխատի, կյանքի չեն կոչվի: Կարելի է անշուշտ ջանքերն ուղղել այդպիսի միջավայրի ձևագորման ուղղությամբ, բայց պետք է գիտակցել, որ այստեղ էլ դա խոչընդոտվելու է հասարակական մշակույթի, հանրային ձևավորված բարքերի ճնշող ազդեցությամբ:
– Դուք անձամբ, նայելով այսօրվա դպրոցի աշակերտներին, ուսանողներին, ինչպես նաև ուսուցիչներին ու ծնողներին, ի՞նչ խորհուրդ կտաք նրանց։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն պետք է լինի «տուն-դպրոց-երեխա» համագործակցության համակարգը։
– Գիտեք, Ձեր թվարկած խմբերը, որքան էլ միավորված լինեն ընդհանուր շահով, այնուամենայնիվ տարբեր շահակիցներ են: Ես, որպես համալսարանում աշխատող դասախոս, կարող եմ ընդամենը գնահատել այն, ինչ գալիս է համալսարան, ինչին եմ բախվում լսարանում: Ինչ ասելով ես նկատի ունեմ ոչ թե մարդկանց՝ երեկվա աշակերտներին, այլ այն մոտեցումները ուսումնառության, կյանքի, կենցաղի, մարդկային հարաբերությունների, այլ կարևոր արժեքների նկատմամբ: Հիմնական մասը ուսանողների, ցավոք, չեն տիրապետում սովորելու տարրակա՛ն ձևերին, տեքստի հետ աշխատելու մեթոդներին: Չեմ կարծում, որ այդ և այլ հիմքային, կարողությունները ձևավորելու ակնհայտ հարցում անհրաժեշտություն կա խորհուրդ տալու: Եթե դա չկա, ուրեմն չկա ոչինչ: Եվ ես, օրինակ, փորձում եմ նախևառաջ լրացնել հենց այդ բացը: Լավն են պատանիները, հետզհետե զգում և հասկանում են դրա կարևորությունը, նոր հայացք են ձեռք բերում իրենց ուսումնառությանը, ինչը պիտի արդեն ձևավորված լիներ: Ամաչում են արդեն սերտած նյութը վերարտադրելուց, սկսում են ձեռք բերել ինքնահայեցման ունակություններ: Որոշ առանձին դեպքերում երևում է լավ ուսուցչի ձեռագիրը, այդպիսինները շատ արագ են առաջ շարժվում: Եթե ընդհանուր խորհրդի մասին խոսեմ, ապա երևի նկատեմ, որ կրթությունը և հատկապես իր դաստիարակչական կողմը առաջին հերթին ազատության և ընտրության մասին է՝ նյութ, միտք, առարկա, այնուհետև ծրագիր, ուղղություն, ռազմավարություն և այլն: Ընտրությունն էլ համեմատություն ու համադրություն է, դրանց չափանիշների ընկալումը: Եվ այդ ամենն էլկարող է զարգանալ ազատության պայմաններում: Կա՞ այսօր այդ միջավայրը որպես գերիշխող մեր դպրոցներում: Այստեղից էլ գրանցված արդյունքները:
– Արհեստական բանականության օրեցօր զարգացումը, Ձեր կարծիքով, դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն է ունենում կրթության ոլորտի վրա։ Այն ավելի շատ նպաստո՞ւմ է կրթության զարգացմանը, թե՞ կարող է հանգեցնել աշակերտների ինքնուրույն մտածելու կարողությունների նվազմանը։
– Իհարկե դրական է, ինչպես և տեխնոլոգիական զարգացման յուրաքանչուր նոր գործիք այն պահանջում է որոշակի պատրաստություն, եթե ուսանողը ունի այն բոլոր հմտությունները, որոնց մասին խոսեցինք, եթե կարողանում է տեղեկությունը վերածել գիտելիքի, եթե կարողանում է ինքնուրույն հետազոտել, եթե մտածելակերպը քննական է, եթե ունի ընդհանուր մտավոր և մշակութային պատրաստվածություն, ապա դա կարագացնի իր ուսումնառությունը:
Անաստասիյա Հարությունյան
