Օրենքը չպետք է գործիք դառնա իրավապահ մարմնի, իշխանավորի ձեռքում, որով փորձեն ճնշել իրենց համար անցանկալի անձանց, իմ կարծիքով՝ չպետք է նմանատիպ իրավական ակտը մտնի ուժի մեջ. փաստաբան
Հետագայում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրառելիության խնդիր է առաջանալու: Առաջին հայացքից՝ այն ունի լուրջ խնդիրներ, և իմ կարծիքով՝ չպետք է նմանատիպ իրավական ակտը մտնի ուժի մեջ: Իմ հիմնական մտավախությունն այն է, որ այս օրենքը հետագայում գործիք չդառնա այս կամ այն պետական կամ իրավապահ մարմնի կամ իշխանավորի ձեռքում, որով փորձեն ճնշումներ գործադրել իրենց համար անցանկալի անձանց նկատմամբ և ենթարկեն նյութական պատասխանատվության: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամազդ Կիվիրյանը՝ նշելով, թե օրենքի հակասական դրույթները շատ են:
«Ամենակարևոր հանգամանքն այն է, որ այն որոշակի հակասություններ ունի այս պահին գործող օրենքների հետ, օրինակ՝ ապացուցման հետ կապված: Կարծես թե ապացուցման բեռը փորձում են տանել դեպի սուբյեկտ՝ վերջինս պետք է ապացուցի, որ միջոցները եղել են օրինական: Սա հակասում է քաղաքացիական դատավարության օրնեսդրությանը: Պետք է հաշվի առնել նաև, որ խոսքը վերաբերում է 1991թ. հետո ձեռք բերված գույքին: Օրենքը հետադարձ ուժ ունի, մինչդեռ ընդհանուր սկզբունք է, որ վատթարացնող նորմերը հետադարձ ուժ չպետք է ունենան»,-ասաց փաստաբանը՝ ընդգծելով, թե ոչ թե անձը պետք է ապացուցի, որ միջոցները, որոնցով ձեռք է բերել գույքը, չեն եղել ապօրինի, այլ վարույթն իրականացնող մարմինն ապացուցի, որ եղել են ապօրինի:
«Եվ եթե անձը չկարողանա ներկայացնել ապացույցներ, որ դրանք եղել են օրինական, դա դեռևս չի նշանակում, որ միջոցները եղել են անօրինական: Գնացել են բացառման սկզբունքով, ինչը, իմ կարծիքով, թույլատրելի չէ»,-հավելեց նա:
Ըստ Կիվիրյանի՝ կարծես՝ միտում կա ամեն կերպ այս կամ այն գույքը որակել որպես ապօրինի ձեռք բերված և կատարել բռնագանձում: «Պետք է հաշվի առնել, որ կլինեն անձինք, որոնք այդ փաստաթղթերը չեն էլ պահպանել, չէ՞ որ տարիներ են անցել»,-նշեց նա՝ կարծիք հայտնելով նաև, թե առկա է միջազգային փորձի ուսումնասիրության պակաս:
Դիտարկմանը, թե Դատախազությունը հիմնավոր կասկածի դեպքում կարող է վարույթ հարուցել ու քննել գույքի ապօրինության հարցը, իսկ ինչպե՞ս հիմնավորել, որ Դատախազության կասկածը հիմնավոր է և ոչ թե իշխանության քաղաքական կամքն իրականացնելու գործիք, փաստաբանն արձագանքեց, թե շատ հավանական է, որ ընտրությունը կատարվելու է շատ սուբյեկտիվ:
«Այս օրենքում սուբյեկտիվիզմը շատ է: Պատկերացնենք՝ այս իշխանությունները լավագույնն են և հետապնդում են ավելի քան իրավաչափ նպատակ, բայց նշենք հետևյալը՝ օրենքները չպետք է «կարվեն» ներկայիս իշխանության «հագով»: Հայտնի չէ՝ ինչպիսի իշխանություն կգա հետագայում և օրենքն ինչպես կկիրառի: Օրենքը պետք է այնպես գրվի, որ անկախ նրանից՝ ինչպիսի իշխանություն է, այն լինի հստակ, պարզ և հետագայում չդառնա գործիք, որ իշխանությունից կախված՝ կիրառվի ըստ սուբյեկտիվ ցանկության: Ես կարծում եմ, որ իշխանությունները, առաջ տանելով նման նորմեր, պետք է առաջնահերթ ղեկավարվեն ոչ թե այս պահի դրության թելադրանքով, երբ իրենք են իշխանության, այլ ներդնեն այնպիսի ինստիտուտներ, որոնք կգործեն նաև հետագայում»,-ասաց Կիվիրյանը:
Հարցին՝ արդյո՞ք օրենքի տարածման լայն շրջանակ չի ընտրել իշխանությունը, քանի որ սահմանվում է, որ գույքի՝ երրոդ անձի կողմից ձեռք բերվելու դեպքում վերջինիցս այն չի բռնագանձվի, եթե միայն երրորդ անձը դատարանում ապացուցի, որ ինքը գույքը ձեռք բերելիս չգիտեր և ողջամտորեն չէր կարող իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին, Կիվիրյանը պատասխանեց.
«Սկսվելու են հետին ամսաթվով փաստաթղթերի, պայմանագրերի կնքումներ, որովհետև, օրինակ, եթե հարազատների միջև է եղել գործարքը, իրար գումարներ են փոխանցել՝ առանց փաստաթղթավորման, հիմա ստիպված են լինելու փոխառություններ կազմել, որպեսզի ինչ-որ ժամանակ հետո գույքի բռնագանձման խնդրի առջև չկանգնեն, ունենան փաստաթղթային հիմնավորումներ: Չի բացառվում նաև, որ կլինեն անձինք, որոնք օրենքի ընդունումից հետո իրենց գույքը ձևականորեն երրորդ անձանց օտարեն, որպեսզի հետագայում ինչ-որ խնդիրներ չառաջանան: Այսինքն՝ օրենքի արդյունքում որոշները դիմելու են նաև ինչ-որ ոչ օրինական միջոցների, որպեսզի ազատվեն այս օրենքի կիրառումից, որովհետև իրենց աչքերում այս օրենքը կարող է երևալ որպես ոչ իրավաչափ օրենսդրական նորմ»,-ասաց նա՝ ընդգծելով, թե օրենքը, փաստորեն, ձևավորելու է ոչ իրավաչափ դաշտ, ինչն արդեն իսկ սխալ է:
«Եթե օրենքը հանգեցնում է նրան, որ անձը դիմի ոչ իրավաչափ գործողությունների, այն ինձ համար արդեն իսկ այդքան էլ իրավաչափ օրենք չի կարող հանդիսանալ, քանզի ցանկացած օրենք առաջնահերթ կոչված է պաշտպանել անձի իրավունքները»,-հավելեց փաստաբանը:
Նա կարծիք հայտնեց նաև, որ օրենքը կարող է որոշակի մտորումների տեղիք տալ ներդրողներին, և հնարավոր է՝ որոշ ներդրողներ ուղղակիորեն հրաժարվեն ներդրումներ կատարել:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին ԱԺ-ն ձայների 99 կողմ, 1 դեմ, 15 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը, և այն այժմ ուղարկվել է ՀՀ նախագահի ստորագրմանը: Օրենքը, ըստ էության, թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Այն վերաբերում է 1991 թվականից հետո ձեռք բերված գույքին:
