Օպտիմալացման քողի տակ փորձ է արվում ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի միջոցները նվիրաբերել <<ՆՈՐՔ>>ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին․ Արշակ Պապոյան
Այսօր առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի Համաճարակաբանության հսկողության բաժնի նախկին վարիչ Արշակ Պապոյանը ներկայացրեց, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի ցույց տված ցուցանիշները փաստում են, որ «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացումը ճիշտ քայլ չէ։
«Անհասկանալի է, թե ինչու է Առողջապահության նախարարությունն այս հարցում երկակի ստանդարտներ կիրառում, երբ մի դեպքում անհրաժեշտ ռեսուրսներ չունեցող բուժհիմնարկները զրկվում են պետպատվերներից, իսկ ինֆեկցիոն հիվանդանոցը, չունենալով այդ ռեսուրսները, ոչ միայն չի զրկվում պետպատվերից, այլ ստանում է որոշակի բոնուսներ և օպտիմալացման քողի տակ փորձ է արվում ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի միջոցները նվիրաբերել այդ բժշկական կազմակերպությանը»,- ասաց Պապոյանը։
Ըստ Պապոյանի՝ կենտրոնը ոչ թե պետք է միացվի այլ հաստատության, այլ ուժեղացվի, որպեսզի կարողանա ճիշտ բուժումներ տալ։ Նրա կարծիքով՝ անհասկանալի է այն պատճառաբանությունը, թե միացումը թույլ կտա օպերատիվ կառավարել վիրուսային բուժման հարցերը։ Նա նաև նշեց, որ նույնիսկ սարքավորումներից օգտվելու հարցն է անհասկանալի, քանի որ ճիշտ չի լինի, որ համապատասխան ստուգում անցնելու համար «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից «ՁԻԱՀ կենտրոն» հասնեն։
