Վարչապետի թիրախում հաջորդը Վահե Նիկոյանի եղբայրն է
Վարչապետի՝ Սերժի կադրերից ազատվելու» հայտնի օպերացիայի թիրախում հաջորդը նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի եղբայրն է՝ Արամ Նիկոյանը, որը զբաղեցնում է Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Այս մասին մեզ տեղեկացրին իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները։ Բանն այն է, որ նախկին փոխքաղաքապետը անցնում է մի քանի քրեական գործերով, իսկ նրա եղբայրը, ըստ վարչապետի՝ նեղ շրջանակներում արած հայտարարությունների, հակաիշխանական տրամադրություններ է տարածում Քննչական կոմիտեում, ուստի շուտով աշխատանքից կազատեն Արամ Նիկոյանին։ Մենք կապվեցինք նրա հետ, Նիկոյանն ասաց, որ առաջին անգամ է լսում, որ ուզում են իրեն ազատել․

«Ճիշտն ասած՝ ես ոչ մի առանձին հարաբերություն չունեմ պարոն վարչապետի հետ, նա մեր երկրի ղեկավարն է, ես էլ աշխատում եմ։ Ես հենց հիմա իմ աշխատանքի վայրում նստած աշխատում եմ»,- ասաց Նիկոյանը։
Նշենք, որ մեր աղբյուրների փոխանցմամբ սա վերջին պաշտոնանկությունը չի լինի, առաջիկայում նորերն են սպասվում, և Փաշինյանը կադրային ջարդ իրականացնելու սևեռուն մտքեր ունի։
