Սև բերդը կառուցվել է 1850֊ական թվականին

Սև բերդը կառուցվել է 1850֊ական թվականին: Ունեցել է ստորգետնյա ուղիներ դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձան, Ալեքսանդրապոլ ամրոց և Կարմիր բերդ։ Եղել է Ալեքսանդրապոլ ամրոցի ֆորտիֆիկացիոն֊ամրաշինական կառույցներից, ամրոցի հարավային աշտարակը։ Ըստ պատմական աղբյուրների, Ալեքսանդրապոլ ամրոցի եւ հարակից բերդերի կառուցման անհրաժեշտությունն առաջացել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմը հաշվի առնելով՝ ռուսները սկսել են հատուկ ուշադրություն դարձնել Գյումրու ամրացմանը։ Ասում են՝ 1828 թվականին Թիֆլիսի զինվորական նահանգապետը Անդրկովկասում գլխավոր հրամանատար Իվան Դիբիչին նամակ է հղել, որում գրել է. «Թուրքերի դեմ հնարավոր պատերազմի դեպքում անհրաժեշտ կլինի Գյումրիում կառուցել բերդ և այն խիստ ամրացնել՝ որպես կարևորագույն ռազմական հենակետ»։ Սև բերդն ի սկզբանե եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց, ծառայել է որպես զինվորական բանտ։
Միայն 1877-1878 թվականների ռուս-թուրքական Բալկանյան պատերազմից հետո Ալեքսանդրապոլի բերդը դարձավ հրետանու պահեստարան։ Բացի հիմնական բերդից, կառուցվեցին նաև առանձնացված պաշտպանական կառույցներ:

Տարածքում կատարված պեղումների արդյունքում պարզվել է, որ այն քաղաքի հնագույն բնակելի հատվածն է։ Առաջին ուսումնասիրություններն այստեղ կատարվել են XIX դարի երկրորդ կեսին՝ 1875 թվականին։ Հնագետները պնդում են, որ ամբողջ հարթավայրը՝ սկսած աշտարակից մինչև ամրոցի վերջ, հոյակապ հնագիտական հուշարձան է, հիմնականում՝ դամբարանադաշտ։

Share This