Պետք է գիտակցումն ունենալ, որ Արցախյան գոյամարտում մենք հաղթող կողմ ենք, ու դրություն թելադրող, հարկ լինի նորից կթելադրենք․ Գրիշա Վիրաբյան
Ինչպես հայտնի է, երեկ Մյունխենում ընթացող ամենամյա անվտանգության միջազգային կոնֆերանսի շրջանակներում, տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի քննարկում բանավեճը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով։ Այս մասին «Ամբիոնը» զրուցել է քաղաքական գործիչ Գրիշա Վիրավյանի հետ։ Մեր հարցին, թե ինչպես է գնահատում երեկվա բանավեճը, Գրիշա Վիրաբյանը ասաց․ «Շատ վատ․ ուղղակի խայտառակություն էր։ Չասվեց բաներ, որոնք պետք է ասվեր։ Քաղաքագիտական-փորձագիտական շրջանակներն անշուշտ դեռ իրենց գնահատականները կտան, սակայն այսպես ասած՝ առաջին հայացքի տպավորությամբ՝ չասվեց Սումգայիթյան կոտորածների մասին, չասվեց Բաքվի կոտորածների մասին, չասվեց այն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի իրացնելու իր ինքնորոշման իրավունքը եւ ինքնորոշման իրավունքը նույնքան կարեւոր է որպես միջազգային իրավական նորմ, որքան տարածքային ամբողջականության իրավունքը, չասվեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքի իրավունքը ապահովել Ադրբեջանը չի կարող ապահովել, չասվեց, որ Լեռնային Ղարաբաղը, նույնիսկ որպես չճանաչված պետություն, ավելի ժողովրդավար է, քան Ադրբեջանը, ինչի ապացույցը Ադրբեջանում այս օրերին տեղի ունեցած արտահերթ պառլամենտական ընտրություններն էին իրենց աղաղակող խախտումներով, ընտրական իրավունքի ոտնահարումներով, թեկնածուների, քաղհասարակության, դիտորդների եւ նույնիսկ թեկնածուների հանդեպ բանեցված ճնշումներով։ Այս ամենը եւ էլի շատ բաներ կար, որ պետք է ասվեր ու չասվեց։ Նիկոլ Փաշինյանը պետք է հստակ ասեր, որ ոչ միայն դեռ Տիգրան Մեծի օրոք ադրբեջանական ժողովուրդ չկար, այլ նաեւ, որ Ստեփանակերտի տեղում դեռ երկու հազար տարի առաջ եղել է Վարարակն կոչված հայկական բնակավայրը եւ Խանքենդին նույնքան արհեստական անվանում է, որքան հենց Ադրբեջան պետության անվանումը։ Առհասարակ Ղարաբաղյան բանակցությունները սխալ հունի վրա են դրված եղել սկսած 94-95 թթ։ Պարզապես պետք է ասվեր, որ կնքված զինադադարը դա այլ բան չէ, քան Բաքվի կապիտուլյացիա եւ չի կարելի, որ հաղթող կողմը անվտանգություն խնդրի պարտված կողմից, ոչ մի տեղ աշխարհում նման բան չկա»։ «Ամբիոնի» այն հարցին, թե պետք է որոշակիորեն փոխվի բանակցությունների հունը, Գրիշա Վիրաբյանը պատասխանեց․ «Անշուշտ պետք է փոխվի։ Մեր ժողովուրդը երեսուն տարի ամեն տեսակ զրկանքներ, շրջափակում տեսել է ու անցել դրանց միջով հանուն Արցախի եւ արցախահայության։ Մենք ոչ մի թիզ հող տալու չունենք։ Սա հստակ է։ Եվ սա ապացույցն է այն բանի, որ մենք որպես ժողովուրդ, թեկուզ եւ ավելի փոքր ժողովուրդ ենք, սակայն կամային ենք, որ հարյուր տարի էլ պետք լինի կարող ենք դիմանալ, ու պետք է դիմանանք ու չզիջենք։ Նախ թող ճանաչեն Արցախի անկախությունը, հետո կխոսենք բանակցությունների մասին։ Ի վերջո մենք հաղթած կողմ ենք։Ու եթե պետք լինի էլի կարող ենք առաջ գնալ, պարզապես ադրբեջանական կողմը թող ճակատագրին մարտահրավեր չնետի։ Հայկական կամայնությունը դեռ երբեք չի պարտվել։ Մենք Ցեղասպանություն ենք վերապրել, Արցախյան գոյամարտ ենք հաղթել, ինչի մասին է խոսքը։ Բանակցությունները պետք է ընթանան հենց այս հունով, մենք հաղթող ենք։ Սա պետք է լինի մեր ելակետը։ Ասեմ ավելին, Սերժ Սարգսյանի իշխանությունը սասանվեց հենց այն պատճառով, որ Ապիլյան քառօրյային ունեցանք 800 հեկտար հողային կորուստ։ Չլիներ այդ կորուստը, գուցե ժողովուրդը նույնիսկ Սերժին հանդուրժեր, հանուն Արցախի։ Եվ եթե այ իշխանությունը չի կարող բանակցությունները հենց այս հունի վրա դնել ու խոսել հաղթողի դիրքերից, պետք է օր առաջ հեռանա, որպեսզի գա մի նոր մեկը, ով կկարողանա այս դիրքերից խոսել»։ Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչ կանխատեսում ունի ընդդիմադիր գործիչը ապրիլի հինգին սպասվելիք հանրաքվեի հետ կապված։ «Ապրիլի հինգի հանրաքվեն իշխանության համար լրջագույն մարտահրավեր է։ Մասնակցության ապահովման առումով։ Չեմ բացառում, որ իշխանությունը կգնա նախկինների հին ու բարի մեթոդների կիրառմամբ, կօգտագործի վարչական ռեսուրս, կփորձի կիրառել ռեպրեսիվ մեթոդներ, նույնիսկ թվանկարչության կգնա, որպեսզի մասնակցության անհրաժեշտ ձայները հավաքի։ 650 հազար ձայն հավաքելը հեշտ բան չէ, այն էլ հիմա, երբ մարդկանց վրա շոուները արդեն քիչ են ազդում, մարդիկ տեսնում են իշխանությունների սխալները։ Միլիոնավոր դրամների պարգեւավճարները պետք է տային ոչ թե պաշտոնյաներին այլ բազմազավակ, բազմանդամ ընտանիքներին, որովհետեւ նրանք բանակի հիմքն են։ Յոթ, ութ երեխա ունեցող ընտանիքի մայրը հերոս մայր է որովհետեւ բանակին զինվորներ է տալիս, մասնակցում է ժողովրդագրական առաջընթացին։ Նա ավելի արժանի է այդ պարգեւավճարներին, քան օրինակ պայմանական ասած սորոսական պատգամավորը կամ ոչինչ չանող, իր տաքուկ կաբինետում նստած պաշտոնյան։ Նիկոլ Փաշինյանը հենց նրանց վրա պետք է հիմնվի։ Նա պետք է նաեւ ասեր, որ ինքն էլ է զենք գնել ու իր դիրքերն էլ պակաս ամուր չեն, որովհետեւ մեջքին ունի տոկուն ժողովուրդ»։ Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ Փաշինյանը ճիշտ կանի հաջորդ անգամ նմանատիպ քննարկումների գնա թարգմանչով, որովհետեւ ամոթ չէ երբ քո մայրենի լեզվով ես խոսում միջազգային հարթակներում։ Հատկապես պատմական թեմաների հետ կապված հարցերը ամենից լավ կարող ես արտահայտվել հենց քո մայրենի լեզվով, իսկ թարգմանիչները կանեն իրենց գործը։ Սա նաեւ հարգանք է սեփական լեզվի հանդեպ։
