Ուկրաինական հյուպատոսությունները կորոնավիրուսի պատճառով դադարեցնում են այցագրերի տրամադրումը
Ուկրաինական հյուպատոսական ծառայությունները ժամանակավորապես դադարեցրել են քաղաքացիների ընդունելությունն ու այցագրերի տրամադրումը` կապված Ուկրաինայում հաստատված կարանտինի հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Ուկրաինայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:
Ուկրաինայի կառավարությունը մարտի 12-ից ապրիլի 3-ը կարանտին է հայտարարել երկրի բոլոր կրթական հաստատություններում և արգելել է զանգվածային միջոցառումները: Առողջապահության նախարարության տվյալներով՝ Ուկրաինայում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման 3 դեպք: Մարտի 13-ին նախարարությունը տեղեկացրել էր կորոնավիրուսի հետևանքով երկրում մահվան առաջին դեպքի մասին:
«Ուկրաինայում կարանտին հայտարարելու հետ կապված Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայությունները դադարեցնում են քաղաքացիների ընդունելությունն ու վիզաների տրամադրումը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը անցել է 153 000-ից, մահվան դեպքերը` 5700-ից:
