Նյու Յորքի խոշորագույն հիվանդանոցային ցանցը կորոնավիրուսի դեմ պայքարած աշխատակիցներին 2500 դոլար հավելավճար և լրացուցիչ արձակուրդ կտրամադրի

Նյու Յորքի խոշորագույն հիվանդանոցային ցանցը` Northwell Health-ը, հայտարարել է, որ Լոնգ Այլենդում, Մանհեթանում և Քվինսում գտնվող իր մասնաճյուղերի այն աշխատակիցներին, որոնք աշխատել են կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում, կտրամադրի 2500 դոլար հավելավճար և մեկ շաբաթ լրացուցիչ արձակուրդ: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:

«Մեր անձնակազմի արձագանքը կորոնավիրուսին հերոսությունից բացի այլ կերպ անվանել չի կարելի: Նրանց շնորհիվ մենք կարողացանք պատասխանել այս մարտահրավերին»,-ասել է հիվանդանոցային ցանցի գործադիր տնօրեն Մայքլ Դոուլինգը:

Այս ցանցում առավել հայտնի են North Shore ուսանողական հիվանդանոցը, Լոնգ Այլենդի հրեական հիվանդանոցը, Մանհեթանի Lenox Hill հիվանդանոցը:

Northwell Health-ի հիվանդանոցներից կորոնավիրուսով վարակված 6100 մարդ է դուրս գրվել առողջանալուց հետո, 2600 հիվանդ դեռևս բուժվում են այս համակարգում:

Նշվում է, որ շուրջ 45 000 աշխատակից հավելավճարներ և լրացուցիչ արձակուրդ կստանան:

Նյու Յորքում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 247 512 դեպք, վարակի հետևանքով մահացել է 14 347 մարդ: ԱՄՆ-ի ամբողջ տարածքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 792 938 դեպք, 42 518 մարդ մահացել է վարակի հետևանքով:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 482 272 է, մահացել է 170 472 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )